Մատչելիության հղումներ

Թուրքական իշխանություններն հերքում են հայկական գերեզմանատան վրա հանրային զուգարան կառուցելու մասին լուրերը


Թուրքական պատկան մարմինները հերքում են Վան նահանգի Էդրեմիթ շրջանում հայկական գերեզմանատան վրա հանրային զուգարան կառուցելու մասին թուրքական մամուլում տարածված լուրերը:

«Ջումհուրիյեթ» պարբերականի հաղորդմամբ՝ օրերս Էդրեմիտի իշխանությունները Դիլքայա գյուղում հանրային լողափ են բացել, որի հարևանությամբ էլ զուգարան, լոգախցիկներ ու ավտոկայանատեղի են կառուցել: Թերթը գրում է, որ առաջին աստիճանի պահպանության տարածք ճանաչված այս վայրում հայկական գերեզմանատուն է եղել: Շինարարական աշխատանքների ընթացքում հողից մարդկային ոսկորներ են դուրս հանվել:

Էդրեմիթի քաղաքապետարանը, սակայն, պնդում է, որ տարածքում հայկական գերեզմանատուն չկա և լողափին հարակից ոչ մի շինություն էլ չի կառուցվել:

«Տարածքում շինարարություն չի կատարվել, միայն լողափի մոտ փայտե խցիկներ ու շարժական զուգարաններ են տեղադրվել: Այստեղ ուրարտական շրջանի մնացորդներ կան: Դրանց վնաս չի հասցվել, ընդհակառակը, պահպանության տակ են առնվել և բացվել զբոսաշրջիկների համար: Տարածված անհիմն լուրերը սադրիչ բնույթ ունեն», - ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Մինչդեռ Դիլքայա գյուղի 65-ամյա բնակիչ Վահդետտին Քոչգուրբուզը «Ջումհուրիեյթին» պատմել է, որ հանրային լողափի տարածքում իսկապես հայկական գերեզմանատուն է եղել:

«Սրանք հայկական հողեր են եղել: 1984 թվականին թվականին այստեղ ոսկորների հավաքման աշխատանքներ կատարվեցին, սակայն մինչ օրս գերեզմանոցից ոսկորներ են դուրս գալիս: Ճիշտ չէ այստեղ լողափ կառուցելը: Գերեզմանատան վրա զուգարան կառուցելու մասին խոսք չի էլ կարող լինել», - ասել է գյուղի բնակիչը: Վերջինիս համագյուղացին էլ անթույլատրելի է համարել մարդկանց ոսկորների վրա զվարճանքի, ժամանցի վայր կառուցելու փաստը:

Հայ մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայրը համարվող այս շրջանում 1984 թվականին Էգեյան համալսարանը, Վանի թանգարանը և Վանի տարածաշրջանի պատմության ու հնագիտության ուսումնասիրության կենտրոնը համատեղ պեղումներ են իրականացրել: Ուսումնասիրությունների արդյունքում Դիլքայա բլրում ուրարտական շրջանին պատկանող 24 դամբարան և մի շարք պատմական գտածոներ են հայտնաբերվել:

XS
SM
MD
LG