Ռուսաստանի ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության ակտիվիստ Վլադիմիր Եգորովը, ով քրեական հնարավոր հետապնդումից խուսափելու համար Ռուսաստանից տեղափոխվել էր Բելառուս, հուլիսի 29-ից Մինսկում անհետ կորել է․ ենթադրվում է, որ նա ձերբակալված է:
Բելառուսցի իրավապաշտպան Նաստա Լոյկան օգոստոսի 2-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ հյուրանոցի աշխատակիցների փոխանցմամբ՝ Բելառուսի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հուլիսի 29-ին եկել են հյուրանոց և իրենց հետ տարել Եգորովին:
Իրավապաշտպանը մտահոգություն է հայտնել, որ Բելառուսի իշխանությունները Եգորովին հնարավոր է արտահանձնեն Ռուսաստանին, որտեղ նրան ծայրահեղականության կոչի մեղադրանք է սպառնում:
2016-ի օգոստոսին Վլադիմիր Եգորովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող նյութեր էր տեղադրել ինտերնետում, իսկ անցած հոկտեմբերին Ռուսաստանի իշխանությունները նրա դեմ մեղադրանք են հարուցել հրապարակայնորեն ծայրահեղական կոչեր անելու համար: Խուսափելով քրեական հետապնդումից` Եգորովը Ռուսաստանից մեկնել էր Բելառուս: