Մատչելիության հղումներ

Իրանական գազը Հայաստանով արտահանելու դեպքում կճեղքվի թուրք-ադրբեջանական խեղդող օղակը. փորձագետ


էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյան

Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան արտահանելու դեպքում, ըստ էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանի, բացառիկ հնարավորություն կստեղծվի Հայաստանի համար՝ ճեղքել թուրք-ադրբեջանական խեղդող օղակը և տարածաշրջանում հյուսիս-հարավ առանցքով ապաշրջափակել Հայաստանը և ներգրավել լուրջ էներգետիկ ծրագրերի մեջ։

Փորձագետի խոսքով՝ անցած տարվա ընթացքում կայացել են մի քանի քառակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Վրաստան-Իրան հանդիպումներ, և այս ուղղությամբ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ։ Մարջանյանի փոխանցմամբ, դա ազդարարում է աշխարհաքաղաքական իրադրության փոփոխություն տարածաշրջանում։

Հիշեցնենք, 2016 թվականի հունվարին Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարեց, որ Թեհրանն ու Թբիլիսին նախնական պայմանավորվածության են եկել Հայաստանի տարածքով տարեկան մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ Վրաստան արտահանելու հարցի շուրջ:

Դիտարկմանը, թե դա դեռևս իրագործված չէ, Մարջանյանն այսպես արձագանքեց. - «Այո, իրագործված չէ, որովհետև խանգարող չափազանց լուրջ ուժեր կան։ Սովորաբար մեր ԶԼՄ-ներում շեշտը դրվում է, որ ռուսական կողմը կարող է որոշակի արգելքներ կամ մտապահումներ ունենալ ծրագրի իրականացման համար, մինչդեռ թուրք-ադրբեջանական վեկտորն այստեղ կարծում եմ շատ ավելի վճռորոշ դերակատարում ունի։ Անցած երկու տարիների ընթացքում մոտավորապես երեք անգամ փորձ եղավ տարբեր ձևերի դիվերսիաներ կազմակերպել Հյուսիս-Հարավ գազատարի վրա և այլ ենթակառուցվածքների ուղղությամբ և հետքերը բացահայտորեն տանում էին Բաքու և Անկարա»։

Փորձագետի գնահատմամբ, սակայն, Հայաստանը և տարածաշրջանը հիմա գտնվում են լուրջ, նոր և Հայաստանի համար շահեկան փոփոխությունների առջև։

Հիշեցնենք, երեկ նախագահ Սերժ Սարգսյանը իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել էր Իրանից Հայաստանով Եվրոպա գազի տարանցման հարցին և ասել. - «Դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչո՞ւ ոչ։ Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք՝ մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG