Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում մասնակցել է Շվեյցարիայի Կոնֆեդերացիայի հիմնադրման հերթական տարեդարձին նվիրված միջոցառմանը: Ելույթ ունենալով, նա ասել է, որ Շվեյցարիան կարևոր դեր է խաղում Վրաստանի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու գործում, և շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային՝ Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, Վրաստանի և Ռուսաստանի միջև «անգնահատելի միջնորդական դերակատարության» համար:
2008 թվականի ռուս - վրացական պատերազմի հետևանքով երկու երկրների միջև խզված դիվանագիտական հարաբերությունները մինչև հիմա չեն վերականգնվել:
2009-ի մարտի 4-ին ուժի մեջ մտած միջկառավարական համաձայնագրով Շվեյցարիան Մոսկվայում ներկայացնում է Վրաստանի, իսկ Թբիլիսիում՝ Ռուսաստանի շահերը:
Ռուս - վրացական հարաբերությունների, կամ ընթացիկ միջադեպերի հետ կապված սուր հարցերը քննարկվում են Ժնևի միջազգային բանակցություններում: