Մատչելիության հղումներ

«Կա հստակ ցուցում՝ Պապիկյանին դուրս թողնել նիստից». «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան


Արայիկ Պապիկյան, արխիվ
Արայիկ Պապիկյան, արխիվ

Շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով հերթական դատական նիստը։

Նիստի մեկնարկին կարգադրիչները գործով փաստաբան Արայիկ Պապիկյանից պահանջեցին զննության նպատակով բացել պայուսակը։ Պապիկյանը սա խուզարկություն որակեց և, ի նշան բողոքի, պայուսակի ողջ պարունակությունը դատարկեց սեղանի վրա՝ ցույց տալու, որ արգելված որևէ իր պայուսակում չկա։

«Կարգադրիչներն իրենց արձանագրության մեջ նշել են, որ ես հրաժարվել եմ զննությունից և հրաժարվել եմ կատարել կարգադրիչի օրինական պահանջը և հնչեցրած առաջարկը՝ մետաղական իրից հրաժարվել կամ ցույց տալ։ Ես իմ պայուսակն ամբողջությամբ դատարկեցի, և իմ պայուսակում որևէ մետաղական իր գոյություն չուներ, սակայն արձանագրությունում դա չի նշվել», - ասաց Պապիկյանը՝ ընդգծելով, որ իր նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում։

«Կարող եմ համեստ չլինել և նշել, որ սա ուղղակի անձնական հետապնդում է իմ նկատմամբ, նաև, օրինակ, Մուշեղ Շուշանյանի։ Կա հստակ ցուցում իշխանությունների կողմից, Դատական դեպարտամենտն էլ կատարում է իր կարգադրիչների միջոցով՝ պետք է Պապիկյանին, Շուշանյանին իրենց հանդուգն լինելու պատճառով դուրս թողնել։ Սա անձնավորված հետապնդում է», - պնդեց նա:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի այս դատավարության 14 ամբաստանյալները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք են ոչնչացրել: Խմբի անդամները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG