Թուրքիայում ձախողված պետական հեղաշրջման փորձի համար մեղադրվող տասնյակ հազարավոր անձանցից 486-ի դատավարությունն է մեկնարկել Անկարայի մերձակայքում հատուկ այդ նպատակով կառուցված դատարանի դահլիճում։
Մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որոնց ժամանակ զոհվել է մոտ 250 մարդ, Թուրքիայում տասնյակ այլ դատավարություններ են ընթանում, սակայն սա, ինչպես նշում են լրատվամիջոցները, առայժմ ամենախոշորն է:
Ամբաստանյալների մեծ մասին սպառնում է ցմահ ազատազրկում՝ սպանության և նախագահ Ռեջեփ Էրդողանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով։
ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենը, ում իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, գլխավոր մեղադրյալ է ճանաչվել, և նրա գործը կքննվի հեռակա կարգով։ Գյուլենը, հիշեցնենք, հերքում է այդ մեղադրանքները:
Հեղաշրջման անհաջող փորձի կապակցությամբ Թուրքիայում շուրջ 50 հազար մարդ է ձերբակալվել, 150 հազար մարդ հեռացվել է աշխատանքից: