Մատչելիության հղումներ

Անիի տարածաշրջանում երաշտ է, բայց Ախուրյանի ջրամբարից օգտվել չեն կարողանում


Հայ-թուրքական սահմանին գտնվող Ախուրյանի ջրամաբարը արդեն գրեթե դատարկ է, սակայն ջրամբարից Շիրակի մարզի և ոչ մի հեկտար ցանքատարածություն չի ոռոգվում, թեպետ արտերը բավականին մոտ են գտնվում: Այս դեպքում ո՞ւր է գնում ու ո՞վ է օգտվում ջրամաբարի ջրից, «Ազատությունը» հետաքրքրվեց մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանից:

«Վերևի երեք համայնքը՝ Երևազգավորս, Բայանդուր, Ախուրիկ, պոմպակայաններով Ախուրյան գետից են օգտվում <...>: Մեր լրիվ օգտվելու ձևը պոմպակայաններն են, ինքնահոս ոռոգում մենք ընդհանրապես չունենք այդ հատվածում: Մեր մարզում Ախուրյանի ջրամբարից ոռոգման համար մի լիտր ջուր չի օգտագործվում, չի վերցվում», - ասաց Մանուկյանը:

Անիի տարածաշրջանում երաշտ է: Ոռոգման ջրի բացակայությունը ազդել է ոչ միայն ցորենի ու գարու բերքի վրա, այլ նաև անասուններն են մնացել առանց ջրի: Իսահակյանցիները ստիպված են կենդանիներին սարից գյուղ իջեցնել, խմելու ջուր տալ ու նորից ետ տանել:

Տիկին Լեյլին ասում է՝ խոշոր եղջերավոր անասուն պահելը իսկական չարչարանք է դարձել․ - «Ջուր չունինք, դե անասուններն էլ ծարավ են՝ էն վերևն են տանում, գյոլերի ջուրը ցամաքել է, բերել ենք տունը ջրել ենք, ստեղ է: Տանջանք: Ելքն է, որ անասուն, էլ հեչ բան չպահեն մարդիկ»:

Գյուղի հովիվ Արամայիսը հավելում է՝ կենդանիները սոված ու ծարավ են մնում․ - «Անասունը սոված էթում, սոված գալիս ա, ըհըն՝ ծարավ ա մնացել: Բերում ցածը ամեն մարդ իրա տունը ջրում ա անասունը: Հետո ասում են՝ ջրի փող տու, տանջված ժողովուրդ՝ ջրի փողը ո՞ւրդից տա, հազիվ հացի փող են ստեղծում: Ցորենը՝ երաշտ ա էղել, ցորեն չկա ժողովրդին, էս տարի ողորմության տարի ա էս գեղի ժողովրդին»:

Իսահակյանում խմելու ջրի հարցն էլ միայն վերջերս է լուծվել, բայց գյուղացիները լավ են հիշում՝ ժամանակին ոռոգման ջուր են ունեցել: «Ունեցել ենք ժամանակին՝ Կապսի ջուրը ոռոգման, լավ բոստան ենք դրել, ամեն ինչ, հմի շատ դժվար է», - «Ազատության» հետ զրույցում ասաց տիկին Լեյլին:

«Ա՛յ, կանալն որ կար, էրկու տարի ըսպես մենք բոստան էինք դնում՝ կարտոշկա, բան», - ասաց Մարտուն Ղարիբյանը:

Հույս չունենալով, որ ոռոգման ջուր երբևէ կունենան, գյուղացիներից ոմանք իրենք իրենց գլխի ճարը տեսել են: Ղարիբյանը ցույց է տալիս որդու փորած՝ 35 մետր խորություն ունեցող ջրհորն ու ասում, որ դա փրկություն է:

Ջրամբարից ոռոգման ջուրը գյուղ բերելու փորձ արվել է, սակայն կիսատ է մնացել: Եղած խողովակաշարն էլ քանդել տարել են:

Շիրակի մարզի գյուղվարչության պետի հավաստմամբ՝ Անիի տարածաշրջանի գյուղերի համար ոռոգման ջուր կապահովի Կապսի ջրամբարը, որի կառուցումը նախատեսվում է ավարտել 2022 թվականին:

«Ոռոգումը միայն ու միայն լինելու է Կապսի ջրամբարի կառուցումից հետո: Ջրամբարի հետ միաժամանակ կառուցվելու է 27 կիլոմետր երկարությամբ ինքնահոս ոռոգման համակարգ՝ Կապս համայնքից մինչև Բագրավան համայնք», - ասաց Մովսես Մանուկյանը:

Կապսի ջրամբարի կառուցումը ժամանակին ընդգրկվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, որը, սակայն, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո կասեցվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG