Մատչելիության հղումներ

«Ընթերցողն այսօր ավելի խստապահանջ է»․ Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան


Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան, լուսանկարը՝ «Ֆեսյսբուք» սոցիալական ցանցի
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան, լուսանկարը՝ «Ֆեսյսբուք» սոցիալական ցանցի

Ի՞նչ հարաբերակցության մեջ է այսօր գիրք-գրականություն-ընթերցող կապը, ովքե՞ր են ժամանակակից ամնաընթերցվող գրողները, որո՞նք են ամենաշատը վաճառվող գրքերը և վերջապես որո՞նք են հայ ժամանակակից գրականության հիմնախնդիրները:

Այսօր լրագրողների հետ այս հարցերի շուրջ էր զրուցում գրականագետ, «Անտարես» գրահրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: Նա նախ փարատեց ընթերցասիրության մակարդակի անկման հետ կապված մտահոգությունները: Անցել են ժամանակները, երբ կարող էինք դժգոհել, թե մեր հայրենակիցները գիրք չեն կարդում: Իհարկե դեռ մեր երազած ժամանակները չեն՝ կապված գրականության և ընթերցասիրության հետ, ասաց գրականագետն ու հավելեց․

«Բայց վիճակը ներկայացնել որպես սարսափելի, թե այսօր գործ ունենք ընդհանրապես չկարդացող սերնդի հետ, դա ուղղակի թյուր պատկերացում է: Իմ դիտարկմամբ՝ այսօր ինչ-որ ընթերցվում է, դա դառնում է գիտելիք, դա պարապ ընթերցանության նյութ չէ»: Հարցին՝ ովքե՞ր եմ ամենաշատն ընթերցվող հեղինակները, Նիկողոսյանը պատասխանեց․

«Եթե նայենք գրադարանային տվյալներով, այսօր Հայաստանում ամենաընթերցվող գրողը Լևոն Խեչոյանն է, որը ցավոք մեզ հետ չէ: Այսօր ապրողների հետ կապված տարբեր արդյունքներ կան՝ գրադարանային, վաճառքի և զուտ ընթերցողական տվյալներով: Չմոռանանք, որ այօր կա նաև գրքի ընթերցման էլեկտրոնային տիրույթ, տարբեր ակումբներ կան ընթերցասերների, որոնք գրքափոխանակություններ են կատարում:

Եթե այդ տվյլաներն ընդհանրացնենք, կարող ենք ասել, որ կան մի քանի շատ սիրված արձակագիրներ, նրանցից են Գուրգեն Խանջյանը, Հովիկ Չարխչյանի գրքերն են շատ կարդում, Արամ Պաչյանը, Գրիգը, Հրաչյա Սարիբեկյանը: Նրանց գրոքերը շատ են կարդում, և դա արտացոլվում է նաև վաճառքի ցուցանիշների վրա»:

Արքմենիկ Նիկողոսյանը մի ուշագրավ դիտարկում էլ է անում՝ մեր ընթերցողն այսօր հիմնականում արձակ է կարդում, պոեզիայի ժողովածուները քիչ են վաճառվում․ «Մի քիչ ցավալի բան կա, ինչպես ասում են՝ փող չեն տալիս պոեզիային, մեղքն իհարկե սոցիալական ցանցներինն է և տարբեր կայքերինը, որովհետև պոեզիայի տարածությունը փոքր է, արագ-արագ դնում են «Ֆեյսբուքում», տարբեր կայքերում, էլ գրքին փող չեն տալիս»:

Նիկողոյանի դիտարկմամբ, այս պահին ամենասիրված և ընթերցվող հայ ժամանակակից բանաստեղծներից է Հուսիկ Արան, «որին շատ են կարդում և մեջբերում»: Շատ ընթերցվող ժամանակակից բանաստեղծներից են նաև Էդուարդ Հարենցը և Ավագ Եփրեմյանը:

Գրականագետը մի դիտարկում էլ է անում՝ Եթե նախկինում ընթերցողին կարելի էր մատուցել վատ թարգմանված, վատ խմբագրված, սրբագրված գրքեր, ապա այսօր ընթերցողն ավելի խստապահանջ է դարձել:

«Ընթերցողն այսօր ավելի խստապահանջ է»․ Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան
please wait

No media source currently available

0:00 0:06:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG