Համայնքների խոշորացման ծրագրի մեկնարկից մեկուկես տարի անց դրանից գոհ են և դրական են արտահայտվում միայն ծրագրի հեղինակներն ու ընդլայնված համայնքների ղեկավարները։
Լոռու մարզի ընդամենը 1800 բնակիչ ունեցող Թումանյան քաղաքին միացել է 5 գյուղ: Արդյունքում՝ բնակչության թիվը մեծացել է երկուսուկես անգամ։ Քաղաքապետ Լևոն Զավարյանը համաձայն չէ պնդումներին, թե գործընթացը ոչինչ չի տվել ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներին։ «Մի տարի ա, որ մենք խոշորացել ենք, տարվա մեջ մենք էնքան աշխատանք ենք արել, քիչ-քիչ տարեցտարի առաջ ենք գնում»,- «Ազատությանն» ասաց Զավարյանը:
Արտագաղթի մեծ ծավալներ, գյուղմթերքի իրացման ու անբարեկարգ ճանապարների հետ կապված լուրջ խնդիրներ ունեցող այս համայնքներում նոր ծրագրեր իրականացնելու խոստումներ են հնչել ինչպես խոշորացումից առաջ, այնպես էլ հետո։ Թումանյանի քաղաքապետը վստահեցնում է, որ որոշ խնդիրներ լուծվել են: «Ամեն ինչ կապում ենք խոշորացման հետ, 20 տարի էդ գյուղերը եղել են, 90-92 թվերին մեծ կաթի վերամշակման գործարան ա էղել Լորուտի տակ, քանդել տարել են, ու էս 20 տարում ոչ մի արտադրություն չի դրվել, հիմա ասում են՝ խոշորացում»,- տարակուսում է Թումանյանի քաղաքապետը:
Նա ընդունում է, որ Մոտկորի տարածաշրջանի Լորուտ, Աթան, Ահնիձոր, Քարինջ ու Մարց գյուղերի բոլոր խնդիրները կապված են մեծ ծախսեր պահանջող ճանապարհների հետ։ Գյուղմթերքը դժվարանցանելի ճանապարհներով շուկա չես հասցնի․ «Ես վարչապետին էլ եմ ասել էդ մասին նախընտրական արշավի ժամանակ: Վահրամ Բաղդասարյանն էլ ա խոսք տվել Լորուտում, գոնե մինչև Լորուտի ճալեն (մայրուղուց մինչև գյուղն ընկած ճանապարհահատվածը), էդ 18 կիլկոմետրը ասֆալտապատվի, էս գյուղերը շատ արագ կզարգանան»:
Մինչդեռ՝ այն գյուղերում, որոնք այս տարվա նոյեմբերին կկորցնեն համայնքի կարգավիճակն ու կդառնան ավելի մեծ համայնքների մաս, արդեն միավորված համայնքներից բարի լուրեր դեռ չեն ստացել: Ալավերդուց 10 կիլոմետր հեռավորությամբ գտնվով Աքորի գյուղում ասում են՝ մյուսների օրինակը ոչ մի հուսադրող բան չի տալիս։ «Ես չեմ հավատում, որ դա դրական փոփոխություն կբերի», «Եթե գնաց ընդեղի բյուջեն, էլ Աքորիում ոչ փոսալցում կանեն, ոչ ասֆալտ»,- ասում են գյուղացիները:
Նոյեմբերին կառավարությունը նախատեսում է Հայաստանի տարբեր մարզերի 328 գյուղերի միավորմամբ ստեղծել 34 խոշորացված համայնքներ: Խոշորացման նախորդ փուլում 140 գյուղեր էին միավորվել՝ ձևավորելով 18 համայնք: