Էնթոնի Սկարամուչին Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնում աշխատեց ընդամենը 10 օր: Նրա անսպասելի պաշտոնանկության մասին հայտնի դարձավ երկուշաբթի երեկոյան: Սկարամուչիի կարճատև պաշտոնավարումն աչքի ընկավ աղմկալի սկանդալների առատությամբ: Նախ նրա նշանակման դեմ բողոքելով` Սպիտակ տունը լքեց մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: Դրանից կարճ ժամանակ անց Սկարամուչին Twitter-ի իր էջից հեռացրեց ամիսներ առաջ արված այն գրառումները, որոնցում քննադատել էր Դոնալդ Թրամփին:
Հաջորդ օրն էլ նա հարցազրույց տվեց հեղինակավոր New Yorker հանդեսին, որում հայհոյախառն արտահայտություններով քննադատում էր Սպիտակ տան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ խոստանալով կադրային ջարդ կազմակերպել իր ենթակաների շրջանում: Սպիտակ տան խոսնակ Սառա Հաքաբի-Սանդերսի խոսքով՝ Սկարամուչիի պաշտոնավարման մի քանի բուռն օրերը բավարար էին, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփը հասկանար, որ սխալ ընտրություն է կատարել:
«Նախագահը հասկանում էր, որ Էնթոնիի նման հայտարարությունները չեն համապատասխանում այն պաշտոնին, որը նա զբաղեցնում է: Նախագահ Թրամփը չցանկացավ [Սպիտակ տան աշխատակազմի նորանշանակ ղեկավար] գեներալ Քելիին նման ժառանգություն թողնել: Կարող եմ ավելին ասել. գեներալ Քելին օժտված է աշխատանքը սեփական պատկերացումների համաձայն կազմակերպելու լիարժեք լիազորություններով»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:
Ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ, Ներքին անվտանգության նախարարության արդեն նախկին ղեկավար Ջոն Քելին Սպիտակ Տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնեց երկուշաբթի կեսօրին: Դրանից մի քանի ժամ անց հայտնի դարձավ Էնթոնի Սկարամուչիի պաշտոնանկության մասին: CNN-ի տեղեկություններով՝ անվտանգության աշխատակիցները Սկարամուչիին պարզապես դուրս են հրավիրել Սպիտակ տան տարածքից:
«Ես կասկած չունեմ, որ նա աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հիանալի կաշխատի»,- ներկայացնելով Ջոն Քելիին, հայտարարել է նախագահ Թրամփը, որը, շատ վերլուծաբանների համոզմամբ՝ այս նշանակմամբ ցանկանում է առողջացնել Սպիտակ տան ներսում ստեղծված մթնոլորտը: Ամերիկյան մամուլում պարբերաբար հայտնվող տեղեկությունների համաձայն՝ Թրամփի շրջապատն այսօր բաժանված է մի քանի ազդեցության խմբերի, որոնք անհաշտ պայքար են մղում միմյանց դեմ՝ երբեմն անգամ Սպիտան տան ներքին անցուդարձի մասին տեղեկությունները փոխանցելով մամուլի ներկայացուցիչներին:
Այն, որ Սպիտակ տան ներսում իրավիճակը շտկելու շտապ անհրաժեշտություն կա, վկայում են նաև Միացյալ Նահանգներում անցկացված վերջին հարցումները: Morning Consult ընկերության և Politico հանդեսի անցկացրած վերջին հարցման համաձայն՝ ամերիկացիների 60 տոկոսը համոզված է` Սպիտակ տան ներսում քաոսային իրավիճակ է: Չնայած այդ գնահատականներին, Դոնալդ Թրամփը վստահ է` իր իշխանությունն ամուր է և հստակորեն կատարում է իրեն վերապահված բոլոր գործառույթները:
«Ֆոնդային բորսայում աննախադեպ բարձր ցուցանիշներ են: Գրանցել ենք վերջին տարիների ամենաբարձր տնտեսական ցուցանիշները, գործազրկության մակարդակն ամենացածրն է վերջին 17 տարիների ընթացքում, աշխատավարձերն աճում են, սահմանն անվտանգ է: Սպիտակ տանը ոչ մի քաոս էլ չկա»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում: