Մատչելիության հղումներ

«Ոստիկանների սպանության մեղքը իշխանությունների վրա է»․ Փոստանջյան


Ըստ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի, «ո՛չ քառօրյա պատերազմից, ո՛չ «Սասնա ծռերի» զինված ապստամբությունից, գործող գորշ միջակություններն այդպես էլ դասեր չքաղեցին»։

«Ազատություն». - Ճի՞շտ արեցին «Սասնա ծռեր»-ը վայր դնելով զենքը։

Փոստանջյան. - Երևի թե ժամանակը պետք է այդ գնահատականը տա։ Այնուամենայնիվ կարող եմ ասել, որ երևի թե շարունակությունն ավելի արյունոտ պետք է լիներ, հավանաբար այդ տեսանկյունից նրանք ճիշտ են վարվել։

«Ազատություն». - Սերժ Սարգսյանն այս առիթով ասել է, որ «հանգուցալուծվեց բոլորիս համար ամենաընդունելի ճանապարհով»։

Փոստանջյան. - Ես չեմ կարծում, որ մենք ունենք հանգուցալուծում, որովհետև հանգուցալուծումը հենց հիմնահատակ այս ավտորիտար համակարգի տապալումն է, ապամոնտաժումն է, հետևաբար դեռ ամեն ինչ առջևում է։ Կարծում եմ, որ դա անհրաժեշտություն է՝ ապստամբությունը մեր հասարակության մեջ։ Դա ցույց է տալիս փորձը, որ գնում է դեպի պայթյունի, որովհետև փաստացի անցյալ տարվա ո՛չ քառօրյա պատերազմից, ո՛չ ապստամբությունից, այս գործող գորշ միջակությունները, որոնք իրենց հռչակում են, որպես քաղաքական էլիտա, այդպես էլ դասեր չքաղեցին, չգնացին բարեփոխումների, և չգնացին այն պայմանագրի կնքմանը, որը պահանջում էր մեր հանրությունը և հայ ազգը՝ պայմանագիր իշխանության զիջման և նոր կարգերի ձևավորման։ Այնուամենայնիվ ես համակրում եմ և գտնում եմ, որ իրենց քայլերը պահանջված էին մեր հանրության կողմից, և հանրությունը համերաշխություն էր հայտնում այդ ապստամբությանը։

«Ազատություն». - Այդ համերաշխության դրսևորումներից էր թերևս Սարի թաղում, երբ Դուք առաջին գծում էիք, ինչո՞ւ այդպիսի բիրտ ուժ կիրառվեց այդ օրը ցուցարարների նկատմամբ։

Փոստանջյան. - Որովհետև գործող միջակությունները համոզված էին, որ այդ բիրտ ուժի միջոցով հնարավորություն են ունենալու ավարտին մոտեցնել ապստամբության այս փուլը և մնացին փաստացի մինչ այս պահը անպատիժ։ Կանխվեց ըմբոստությունը և նաև լրատվամիջոցներին մի լավ դաս փորձեցին տալ, որ «եթե դուք այսպես փորձելու եք լուսաբանել, ապա ձեր նկատմամբ նույնպես տեղի կունենա բռնություն»։ Կարգադրությունը, երբ արձակվեց Երանոսյանի [Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյան] կողմից և լրագրողներին հավաքեց մի տարածք և այդ նռնակները հենց անմիջապես նետեցին լրագրողների վրա և հետո նաև ցուցարարների՝ բողոք ներկայացնողների վրա։

«Ազատություն». - Որքան էլ Դուք ասեք, որ «Սասնա ծռերն» ապստամբներ են, Ձեզ բերվող հակափաստարկը հիմնականում ո՞րն է, որ երեք մարդ է սպանվել, երեք ոստիկան է զոհվել, ընդ որում նրանցից մեկը՝ Վանոյանը, փոխհրաձգության հետևանքով և «Սասնա ծռերն»-ն էլ դա ընդունել են։

Փոստանջյան. - Քանի դեռ չկա ավարտված արդար դատաքննություն թափանցիկ պայմաններում, որևիցե մեկը չի կարող ասել, թե ում գնդակից են զոհվել երեք ոստիկանները։

«Ազատություն». - Բայց իրենց է մեղադրանքն առաջադրված։

Փոստանջյան. - Դա չի նշանակում, որ դա ապացուցված է և հենց այդպես է տեղի ունեցել, ես դրան չեմ հավատում։ Ամենագլխավոր մեղավորը և առաջին մեղավորը դա այսօրվա գործող այս ապօրինի իշխանությունն է՝ իր գլխավոր ղեկավարի հետ հանդերձ՝ Սերժ Սարգսյանի։ Չէ՞ որ իշխանությունը բռնազավթված է, և այդ բռնազավթված իշխանությունը պետք է վերջիվերջ վերադարձվի ժողովրդին, և այդ վերադարձման ճանապարհին իհարկե կարող են լինել նաև զոհեր, և մենք չգիտենք, թե ինչպես է դա տեղի ունեցել և հիմնական մեղավորը Սերժ Սարգսյանն է, ով բռնազավթել է իշխանությունը։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին: Այժմ այդ իրադարձությունների վերաբերյալ գործերով դատավարություններ են ընթանում:

Փոստաջյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG