Մատչելիության հղումներ

Լոռու մի շարք գյուղեր զրկվել են տասնյակ միլիոնների բնապահպանական վճարներից, մինչդեռ «խնդիրները մնացել են չլուծված»


Տեսարան Հագվիից, Լոռու մարզի այս գյուղը ևս զրկվել է բնապահպանական վճարից
Տեսարան Հագվիից, Լոռու մարզի այս գյուղը ևս զրկվել է բնապահպանական վճարից

Ալավերդու հարակից գյուղերը, որոնք պղնձաձուլական գործարանը շահագործող ACP ընկերությունից ամեն տարի շրջակա միջավայրի աղտոտման համար 20-25 միլիոնական դրամ բնապահպանական վճար էին ստանում, բնապահպանության նախարարությունից գրություններ են ստացել այն մասին, որ հաջորդ տարի կամ չեն ստանալու այդ գումարը, կամ էլ ստանալու են դրա չնչին մասը:

Նախարարության կատարած վերահաշվարկից հետո Օձունը 2018 թվականին գործարանից ընդհանրապես գումար չի ստանա։ Գյուղապետ Արսեն Տիտանյանն «Ազատությանն» ասաց, թե դա լրջորեն մտահոգել է իրենց․ գյուղի երկու մանկապարտեզները մոտ 25 միլիոն դրամ կազմող բնապահպանական վճարների հաշվին էին պահում։ Ըստ գյուղապետի, հաջորդ տարի դրանք կկանգնեն փակվելու վտանգի առջև:

Նույն մտահոգությունն ունի նաև Հաղպատի գյուղապետ Վահրամ Քառյանը։ Իրենց համար «անհայտ վերահաշվարկներով» գործարանի բնապահպանական պարտավորությունները նվազեցվում են, և տարեվերջին Ալավերդու հետ միավորվելիք Հաղպատ գյուղում այս տարի չնչին՝ ընդամենը 3 միլիոն դրամի բնապահպանական վճար են ստացել: Հաջորդ տարի նույնպես այդքան կստանան, «Ազատությանն» ասաց Հաղպատի գյուղապետը։

5 տարի առաջ գործարանը շահագործող ACP ընկերությունն իր արտանետումների ծխատարը բարձրացրեց 300 մետրով։ Ղեկավարությունը պնդեց, որ մոտ 1 միլիոն դոլար են ծախսել այդ ծրագրի իրագործման համար, և որ արտանետումների ազդեցությունն Ալավերդու և հարակից գյուղերի վրա մոտ 10 անգամ նվազելու է։ Ալավերդուն հարակից Աքորու գյուղապետ Հրահատ Սիմոնյանը, մինչդեռ, կարծում է, որ ծխատարի բարձրացումն ամենևին էլ չնպաստեց օդի մաքրությանը․ «Ու՞ր են բարձրացրել... մեր գյուղը հենց 1100 մետր ա բարձր ծովի մակերևույթից»,- ասում է գյուղապետն ու հավելում, որ Աքորի գյուղի առանց այն էլ ցածրորակ հողերի մեծ մասը չի մշակվում նաև պղնձաձուլական գործարանի արտանետումների պատճառով․ «Իրանք ոչ պիտանի հողեր են, էլ չեմ ասում, որ Ալավերդու գործարանը կարա ազդի մեր բույսերի վրա»:

Գործարանի ծխատարի բարձրացումից հետո բնապահպանության նախարարությունն սկսեց քննարկել արտանետումների ազդեցության գոտում գտնվող համայնքներին տրվող բնապահպանական վճարներից ընկերությանն ազատելու հարցը և որոշում կայացրեց ի նպաստ ընկերության։ Անցած տարի որևէ համայնք, այդ թվում Ալավերդին, որևէ գումար չստացան:

Մինչդեռ, որոշ գյուղերի պարագայում 20-25 միլիոն դրամը գերազանցում է անգամ համայնքի բյուջեի չափը: Ալավերդին զրկվեց ոչ միայն 100 միլիոնի բնապահպանական վճարներից, այլև ամեն տարի մոտ 50 միլիոն դրամի չափով ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրերից։

Ադեն հաջորդ տարի այդ վճարը կոնկրետ Ալավերդիի դեպքում կվերականգնվի, նախկին՝ 100 միլիոն դրամի չափով: Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն ասում է, թե ուրախ է դրա համար, սակայն «այս տարեվերջին քաղաքին միացվող 5 գյուղերը կմեծացնեն խնդիրները»: Գործարանին հարակից բոլոր գյուղապետերն էլ միաձայն հայտարարում են՝ արտանետումներն ամենևին էլ չեն նվազել, և այդ պարագայում բնապահպանական վճարների կրճատումն իրենց համայնքների խնդիրներն ահռելի չափերի կհասցնի:

Նշենք, որ կառավարությունն արդեն մի քանի տարի է քննարկում է ընկերությունների կողմից տրվող բնապահպանական վճարները հարկատեսակ դարձնելու նախագիծը։ Այն արդեն շրջանառության մեջ է և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում օրենքի ուժ կստանա՝ 2018 թվականի հունվարի 1-ից կիրառելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG