Արդեն մեկ տարի ազատությունից զրկված՝ «Ոտքի Հայաստան» ընդդիմադիր նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարում է, թե փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն անցյալ տարի ապօրինի գաղտնալսել է իր հեռախոսազանգերը։ Ընդդիմադիր գործիչն Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի դատարանում այսօր պահանջեց անթույլատրելի ապացույց համարել գաղտնալսումներն ու հանել դրանք մեղադրանքից։
Փոխոստիկանապետն, ըստ Ղուկասյանի, գաղտնալսման թույլտվություն ստանալու համար դատարանին հայտնել է, թե իբր 2016 թ․ Հայաստանում հանրաքվե է լինելու, և օպերատիվ տվյալներ ունեն, որ Ղուկասյանը փոձում է զանգվածային անկարգություններով տապալել այն։ Հանրաքվեն, մինչդեռ, հիշեցնենք, կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:
«Այսինքն՝ 2016 թվականի դեկտեմբերի 6-ին պիտի տեղի ունենար մի հատ էլ հանրաքվե, ես էլ, հավանաբար, ըստ ոստիկանների, ծրագրավորել էի՝ իրականացնել քաղաքացիական անհնազանդություն: Սա մարդը կարդում է և հասկանում է, որ ժողովրդական լեզվով ասած՝ սա էշություն է»,- դատարանում այսօր հայտարարեց Ղուկասյանը:
Ըստ մեղադրանքի, Անդրիաս Ղուկասյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ ՊՊԾ գունդը գրաված ու այնտեղ պատանդներ պահող «Սասնա ծռեր» զինված խմբին։ Երկու օրից արդեն կմեկնարկի այդ մեղադրանքների մասով բուն դատավարությունը, մինչդեռ Ղուկասյանը պնդում է, որ նախաքննությունն ապօրինի է ընթացել։ Արաբկիրի դատարանում նա այսօր բողոքարկում էր քննիչի ու դատախազի գործողությունները։
Նախաքննության ընթացքում քննիչը մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած 31 միջնորդություն։ Ծավալուն իր ելույթում Անդրիաս Ղուկասյանն այսօր մեկ առ մեկ անդրադարձավ դրանց։ Ըստ նախաքննության, անցած տարի հուլիսի 29-ին՝ նախքան Սարի թաղ գնալը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում կոչ է արել քարեր հավաքել ու հարվածել ոստիկաններին, ինչի հետևանքով վնասվել է ոստիկանության 28 մահակ։
Թե երբ և որտեղ է Ղուկասյանը հարվածելու կոչ արել, այդ մասին, ըստ նախաքննության, լսել է մեկ անձ: Հենց նրա ցուցմունքով էլ ընդդիմադիր գործչին ծանր մեղադրանքներ են առաջադրվել։ Պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր դատարանում հայտարարեց, որ այդ անձը գործում ներգրավվել է ոտսիկանության կողմից, իսկ նրա ցուցմունքներն ակնհայտորեն հակասում են այդ օրերին հրապարակված տեսանյութերին, որոնք փաստաբանն այսօր դատարանում ցուցադրեց:
Սակայն, նախաքննությունը հաստատած ու գործը դատարան ուղարկած դատախազն այսօր էլ պնդեց, թե քննությունն ընթացել է օրենքի տառին համապատասխան։ Թեև երկու օրից կմեկնարկի Անդրիաս Ղուկասյանին առնչվող բուն գործով դատավարությունը, նախաքննության օրինականությունը վիճարկող նրա հայցով մյուս նիստն Արաբկիրի դատարանում կշարունակեն լսել նաև հաջորդ շաբաթ։ Անդրիաս Ղուկասյանին սպառնում է ավելի քան 10 տարվա ազատազրկում։