Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ ամերիկացիները պետք է որոշեն, թե ովքեր են լքելու Ռուսաստանն ի շարս դիվանագիտական կորպուսի 755 աշխատակիցների:
«Այդքան ամերիկացի դիվանագետ չկա, խոսքը ոչ միայն դիվանագետների, այլև դիվանագիտական կարգավիճակ չունեցող, տեղական պայմանագրով դեսպանատանը կամ հյուպատոսարաններում աշխատող մարդկանց մասին է», - ասել է Պեսկովը:
Նա ընդունում է, որ պատժիչ գործողությունը կարող է տարածվել նաև ռուսաստանյան քաղաքացիություն ունեցողների վրա:
«Ռոսիա» հեռուստակայանի լրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցի ընթացքում, նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ Մոսկվայում որոշակի հույսեր էին կապում Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ:
«Մենք բավական երկար սպասեցինք, կարծելով, թե ինչ-որ դրական տեղաշարժ կլինի, հուսով էինք, որ իրավիճակը կփոխվի, բայց ակնհայտ է, որ ոչինչ չի փոխվել և առաջիկայում չի փոխվի», - ասել է Պուտինը:
Փորձագետների մի մասը ենթադրում է, որ Ռուսաստանն այդպես իր իսկ շահերին է վնաս հասցնում և Պուտինի որոշումը որակում է «միտումնավերք»՝ դիտավորյալ գործողություն, որի արդյունքում հենց դրա հեղինակն է տուժում:
Աշխատանքից են զրկվելու ամերիկյան դիվանագիտական հաստատություններում պայմանագրով աշխատող տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ռուսաստանցիներ:
Ամերիկան ունի ոչ միայն դեսպանատուն Մոսկվայում, այլև հյուպատոսարաններ Սանկտ-Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում: 755 կրճատվող դիվանագիտական աշխատողների մեծ մասը հենց ռուսաստանցիներ կլինեն:
Փորձագետները նշում են, որ այդպիսի «միտումնավերք» էր գրանցվել, երբ ռուսներն ի պատասխան «Մագնիտսկու օրենքի», ընդունել էին օրենք, որով ամերիկացիներին արգելել էին որդեգրել Ռուսաստանի որբ երեխաներին: Տասնյակ թշվառ և հիվանդ երեխաներ զրկվել էին կյանքի արժանավայել պայմաններ ստանալու հնարավորությունից:
Ապա Թուրքիայում մարտական օդանավի կործանումից հետո ռուսներն ընդունել էին թուրքական պարենի ներմուծումն արգելելու որոշումը, որը մամուլում անվանել էին «լոլիկի պատերազմ»: Դրանից ռուսների կրած տնտեսական վնասը կազմել է մեկուկես միլիարդ դոլար:
Կան «միտումնավերքի» շատ տարբերակներ: Օրինակ, Ռուսաստանը կարող է հրաժարվել ամերիկյան ավտոմեքենաներից կամ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանում տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահոված PepsiCo, Coca-Cola и McDonald's ամերիկյան ընկերությունների նկատմամբ: