Մատչելիության հղումներ

«Ռուսների ազդարարած պատժամիջոցը հենց ռուսներին կհարվածի». Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան


Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան շենքի հարևանությամբ ռուսներն իրենց պետական դրոշն են պարզել, Մոսկվա, 31 հուլիսի, 2017թ.
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան շենքի հարևանությամբ ռուսներն իրենց պետական դրոշն են պարզել, Մոսկվա, 31 հուլիսի, 2017թ.

Վաշինգթոնի և Մոսկվայի դիվանագիտական «փոխհրաձգությունը» շարունակվում է:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունն էապես կրճատելու մասին: Միաժամանակ, նա ասել է, որ նույնիսկ այս իրավիճակում Մոսկվան ցանկանում է համագործակցել Վաշինգթոնի հետ:

Մինչդեռ, ամերիկացի փորձագետների համոզմամբ, որպես պատասխան պատժամիջոց Պուտինի կայացրած այդ որոշումը հենց ռուսներին կվնասի:

Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության 755 աշխատակից պետք է մինչև սեպտեմբերի 1-ը հեռանա Դաշնության տարածքից: Մոսկվայի այս աննախադեպ որոշումը կարելի է համարել պատասխան ամերիկյան նոր պատժամիջոցներին, որոնք, ըստ էության, դեռ չեն էլ մտել ուժի մեջ:

Կոնգրեսն ընդունել է նոր պատժամիջոցները, դրանք օրենքի ուժ կստանան, երբ փաթեթը կստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տունը հաստատել է, որ նախագահը կվավերացնի փաթեթը:

Բացատրելով դիվանագետներին արտաքսելու որոշումը` նախագահ Պուտինն ասել է, թե անհրաժեշտ էր ցույց տալ, որ Մոսկվան այլևս որևէ պատժամիջոց անպատասխան չի թողնի:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեկ խոսել է նախագահի դիրքորոշման մասին, ասելով, որ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներն ընդունվում են ի պատասխան ապակայունացնող գործողությունների:

«Բռնապետական ռեժիմներին աջակցելը, Ուկրաինայում ռուսների քայլերը անընդունելի են, նախագահը հստակ նկատել է տվել, որ առաջիկայում կվավերացնի Կոնգրեսի ընդունած պատժամիջոցները»,- Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում ասել Փենսը:

Հայտարարելով ամերիկացի դիվանագետներին արտաքսելու որոշման մասին, Պուտինը ափսոսանք է հայտնել երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամի կապակցությամբ և ասել է, որ նախընտրելի է համագործակցել: ԱՄՆ փոխնախագահն էլ հույս է հայտնել, որ մի օր վիճակը կփոխվի:

«Հուսով ենք, որ կգան Ռուսաստանի հետ հարաբերություններում լավ օրեր, բայց դիվանագետների վերաբերյալ Մոսկվայի ընդունած վերջին որոշումը բնավ չի թուլացնի մեր երկրի, մեր դաշնակիցների, ազատության գաղափարին նվիրված աշխարհի երկրների անվտանգությունը պաշտպանելու մեր վճռականությունը: Դոնալդ Թրամփի նախագահության ներքո Միացյալ Նահանգները հավատարիմ կլինի փոխադարձ պաշտպանությունը երաշխավորող ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին, որի հիմքում «հարձակումը մեկի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա» սկզբունքն է»,- ասել է Փենսը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ABC News ամերիկյան հեռուստակայանին ասել է, որ Մոսկվան վաղուց պետք է ընդուներ այդ պատասխան պատժամիջոցները:

«Երբ Կոնգրեսը սահմանեց բացարձակ անհիմն, անընդունելի այդ նոր պատժամիջոցները՝ դա վերջին կաթիլը դարձավ: Եթե Ամերիկան որոշել է առաջ գնալ վատթարացման ճանապարհով, մենք կպատասխանենք, բայց իմ կոչն է՝ մի արեք դա, վնաս մի հասցրեք ամերիկյան շահերին»,- ասել Ռյաբկովը:

Մինչդեռ, ամերիկացիների կարծիքով, ռուսների այդ քայլերից հենց ռուսներն են տուժելու: «Հիմա Ռուսաստանի քաղաքացին ստիպված կլինի շաբաթներով, եթե ոչ ամիսներով սպասել ամերիկյան վիզա ստանալու համար: Ռուսների ազդարարած պատժամիջոցը հենց ռուսներին կհարվածի»,- Թվիթերի էջում գրել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ ՄքՖոլը:

Ведомости պարբերականն էլ նշում է, որ վերջին անգամ այս կարգի դիվանագիտական ճգնաժամ եղել է երեք տասնամյակ առաջ՝ 1986 թվականին ԱՄՆ-ից արտաքսվել է ԽՍՀՄ 80 դիվանագետ, իսկ ԽՍՀՄ-ից՝ 30 ամերիկացի դիվանագետ:

Ամենայն հավանականությամբ, ներկայիս սկանդալը կշարունակվի, այս օրերին ԱՄՆ պետական դեպարտամենտը քննարկում է Պուտինի վճռին պատժիչ նոր քայլով արձագանքելու տարբերակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG