Մատչելիության հղումներ

ՍԱՍ-ի ձայնագրության փաստով քրգործի հարուցումից 3,5 ամիս անց ՀՔԾ-ն որևէ մեղադրյալի, կասկածյալի անուն չի նշում


Արտակ Սարգսյան, արխիվ
Արտակ Սարգսյան, արխիվ

Շուրջ երեք ու կես ամիս է անցել, ինչ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած աղմկահարույց ձայնագրության առիթով, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործությունները քննող մարմինն այսօր էլ չի հայտնում հանրային մեծ հնչեղություն ստացած այս գործով անցնող որևէ մեղադրյալի, անգամ կասկածյալի անուն:

«Ազատությունը» հարցում է ուղարկել ՀՔԾ պետ, Հայաստանի վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանին՝ խնդրելով տեղեկացնել՝ որևէ մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է այս քրգործի շրջանակում, կամ որևէ մեկը որպես կասկածյալ կամ վկա ներգրավվա՞ծ է:

«Նախաքննությունը շարունակվում է, և ելնելով քրեական գործով իրականացվող նախաքննության գաղտնիությունից` հնարավոր չէ նշված գործի վերաբերյալ լրացուցիչ այլ տեղեկությունների տրամադրումը»,- նշված է ՀՔԾ պատասխանում:

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին Hayastan24.Com կայքի հրապարակած ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին սպառնալով և ծաղրելով հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, այն ժամանակ պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար, նախազգուշացնելով՝ ով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ձայն չբերի, կկորցնի աշխատանքը։

Այդ ձայնագրության հրապարակումից հետո երկու օր պահանջվեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ այն ուղարկվի ՀՔԾ՝ հանգամանքները ստուգելու նպատակով: Եվս մի քանի օր էլ պահանջվեց ՀՔԾ-ից, որպեսզի ստուգեն հանգամանքները:

Ի վերջո, ձայնագրության հրապարակումից 6 օր անց՝ ապրիլի 19-ին քրեական գործ հարուցվեց՝ Քրեական օրենսգրքի միայն մեկ՝ 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով (թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)։

Հիշեցնենք՝ Արտակ Սարգսյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի ռեյտինգային թեկնածուներից մեկն էր, նա կարողացավ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած կուսակցության համար ապահովել շուրջ 12 հազար ձայն: «Հետք» պարբերականի տեղեկություններով, այդ ժողովը վարել է պատգամավոր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

Ինքը՝ մեծահարուստ հանրապետական պատգամավորը հրաժարվում է խոսել այս թեմայով և խույս է տալիս լրագորղների հետ շփումից: Ցայսօր հայտնի չէ՝ Արտակ Սարգսյանը և նրա եղբայրն արդյո՞ք հարցաքննվել են: Արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի գլխավորած Հատուկ քննչական ծառայությունն այս մասին ևս լռում է:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ իրավապահ մարմինն ամեն ինչ անում է՝ գործը կոծկելու համար: «Եթե հիշում եք, երբ լրագրողներն այդ նույն ՍԱՍ-ի Արտակին հարցրեցին՝ ձեզ կարո՞ղ են ձերբակալել, նա լիաթոք ծիծաղեց: Էնպես որ՝ նա շատ լավ տեղյակ էր, որ որևէ պատժի չի ենթարկվելու, և դա իր համար ծիծաղելի մի հարցադրում էր, որ արեցին լրագրողները: Որքան ես տեղյակ եմ, նա Սերժ Սարգսյանի մերձավոր միջավայրից է, իսկ այդ միջավայրից որևէ մեկը չի պատժվում, անգամ ծանր հանցագործությունների համար»,- ասաց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG