Մոլդովայում հարյուրավոր ցուցարարներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել ընտրական օրենսգրքի վիճահարույց փոփոխությունների դեմ:
Եվրամիության և Մոլդովայի դրոշներով նրանք հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հուլիսի 27-ին խորհրդարանում հաստատվելուց հետո Մոլդովայում մի շարք բողոքի ցույցեր են անցկացվել: Ընդդիմախոսները պնդում են, որ կատարված փոփոխությունները համապատասխանում են երկրի երկու մեծ կուսակցությունների շահերին՝ անտեսելով քաղաքական փոքր ուժերին: Նրանք նաև նշում են, որ մինչ փոփոխությունների հաստատվելը, դրանց շուրջ հանրային քննարկումներ չեն կազմակերպվել:
Փոփոխությունների կողմնակիցները պնդում են, որ դրանք քաղաքական գործիչներին պարտավորեցնում են ավելի պատասխանատու լինել:
Մոլդովայում երկու խոշոր կուսակցություն կա՝ արևմտամետ իշխող Դեմոկրատական կուսակցությունը և ռուսամետ Սոցիալիստական կուսակցությունը:
Խորհրդարանական հերթական ընտրությունները Մոլդովայում տեղի են ունենալու 2018 թվականին: