Մատչելիության հղումներ

Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպեց գործարարների հետ


Շիրակի մարզի գործարարների հիմնական պահանջը իշխանություններից հարկային արտոնություններն են: Գործարարներն այս հարցը բարձրացրեցին նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ հանդիպմանը:

«Հակառակ դեպքում մրցակցությունը Երևանի հետ շատ ծանր է», - ասում էին գործարարները:

Արթուր Խաչատրյանը գործարարներին հրավիրել էր հանդիպման, որպեսզի, իր ձևակերպմամբ՝ հասկանա, ինչ է պետք անել գործազրկության կատաստրոֆիկ վիճակը շտկելու և մարզում նոր աշխատատեղեր բացելու համար:

Շիրակի մարզի գործարարները հիմնականում զբաղվում են կաթնամթերքի, թեթև և սննդի արտադրությամբ: Աշխատատեղերի հիմնական ապահովողը փոքր ու միջին բիզնեսն է, որը մի քանի տասնյակից մինչև մի քանի 100 աշխատատեղ է կարողանում ապահովել: Սակայն գործարարները այնքան էլ չարդարացրին Արթուր խաչատրյանի հույսերը․ նրանք ասում էին, որ եղած աշխատատեղերը հազիվ են պահում, քանի որ իրացման շուկաներ չունեն:

Արթուր Խաչատրյանը կաթ արտադրողներին այսպես ասած բարի լուր ուներ ասելու․ հնարավորություն կա հայկական պանիրն արտահանել Եվրոպա բայց մի պայմանով․ - «Բայց մթերման ժամանակ որակի վրա հստակ հսկողություն ենք դնելու՝ ոչ կոկոսի յուղ, ոչ պալմայի յուղ, ոչ կաթի փոշի»:

Սննդի արտադրությունը ևս իրացման խնդիր ունի: Խոշոր իրացնողը նաև արտադրող է, դա էլ խոչընդոտ է, որ մարզերում արտադրվածը մայրաքաղաքում հնարավոր լինի իրացնել․ - «Փորձեցինք մտնել Երևան, բայց չստացվեց, որովհետև կան խոշոր ցանցեր, որ չենք կարողանում մտնել: Եթե կարողանաք օգնել, որ կարողանանք վաճառել՝ չենք կարող վաճառել, շուկան փոքր է, սահմանափակ արտադրում ենք, որ այդքանով հասնենք ինչ-որ մի տեղ»:

Շինարարական կազմակերպություններ ևս հրավիրված էին: Վերջիններիս ներկայացրին այն խնդիրը, որը քանդում է շինկազմակերպությունները․ - «Կառավարությունը 8 տարի առաջ որոշում կայացրեց դիզվառելանյութը ԱԱՀ-ից չազատելու՝ այսինք դեբետավորել, մտցնելու ինքնարժեք և սկսվեց մեր կազմակերպությունների քանդվելը: 8 տարվա մեջ ես կորցրել եմ 400 միլիոն»:

Մարզի ՓՄՁ ԶԱԿ֊ի տնօրեն Արթուր Զաքարյանը, ով բավականին լավ տեղյակ է մարզի խնդիրներից, ասաց, որ եթե հատուկ մոտեցում չլինի բիզնեսը իր գումարը ոչ թե Շիրակում այլ Երևանում է ներդնելու:

Հանդիպման վերջում որոշվեց ստեղծել մարզի տնտեսական զարգացման խորհուրդ, որն ըստ ոլորտների զբաղվելու է գործարարների խնդիրներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG