Մատչելիության հղումներ

Երեկ երեկոյան Տավուշի մարզում մեկ հայ զինծառայող զոհվել է, մեկ ուրիշը՝ վիրավորվել


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Երեկ էլ ուշ երեկոյան պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամը 17-ի սահմաններում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային 32-ամյա Արկադի Լևոնի Ղամբարյանի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով։

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: Պաշտպանության նախարարությունը դեռ չի հստակեցնում, թե արդյո՞ք զինվորը հակառակորդի գնդակից է զոհվել։

Արկադի Ղամբարյանը Լոռու մարզի Քարկոպ գյուղից էր։ Գյուղապետ Ժորա Այբեկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ համագյուղացին վերջերս էր զինված ուժերում աշխատանքի անցել և առաջին անգամ էր դիրքեր բարձրացել: Գյուղապետն ասաց, որ զինվորը անչափահաս երեք երեխա ուներ։ - «Ոչ մի բան տեղյակ չեմ մահվան հանգամանքներից», - հավելեց նա:

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի հատվածում էլ երեկ պայմանագրային զինծառայող է վիրավորվել ադրբեջանական զինուժի կրակոցից: Այս մասին «Ազատությանն» ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը՝ հավելելով, որ 41-ամյա Արթուր Մայրանյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Բերդի հիվանդանոցի տնօրեն Արմեն Մարդանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ զինվորին իրենք առաջնային բուժօգնություն են ցուցաբերել և վիրահատել․ - «Բերվել է՝ ձախ վերին վերջույթի հրազենային թափանցող վիրավորում և կոնքի շրջանի կույր գնդակային վիրավորում: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, գնդակի հեռացում, վերջույթի անշարժացում: Առավոտյան տեղափոխվել է հոսպիտալ: Կյանքին վտանգ չի սպառնում»:

Օրեր առաջ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի ուղղությամբ։ Կոմբայնավար Համբիկ Գրիգորյանը պատմում էր, որ հակառակորդի նշանառության տակ գտնվող դաշտում ցորենի բերքահավաքը կիսատ է թողել․ - «Ուղիղ մեր վրա էր, հենց գլուխներս թփի հետևից հանում էինք՝ պզզզ․․․․ անցնում էր գլխի վերևով: Մի երկու օր սպասենք՝ նորից կմտնենք: Փչանումա»:

Ոսկեվանի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը պատմում է, որ այս տարի հացահատիկի բերքը նախորդ տարիների համեմատ շատ է, բայց ադրբեջանական կողմի գործողությունների պատճառով այն ամբարել չեն կարողանում։ Ոսկեվանի ղեկավարը պատմում է, որ սահմանային հատվածում տեսանկարահանող սարքերի տեղադրումից հետո հակառակորդը դիվերսիոն փորձերի փոխարեն նման գործողությունների է դիմում՝ փորձելով վնասել խաղաղ բնակչությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG