Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ասել է, որ Մոսկվան ստիպված է պատասխանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող ԱՄՆ-ի նոր օրինագծին: Հուլիսի 28-ին կայացած հեռախոսազրույցում Լավրովն ասել է, որ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական կորպուսի աշխատակիցների թիվը կրճատելու Մոսկվայի պահանջը «Վաշինգտոնի թշնամական մի շարք քայլերի հետևանքն է»:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովը միաժամանակ ասել է, որ Ռուսաստանը դեռ պատրաստակամ է նորմալացնելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և համագործակցել միջազգային կարևոր խնդիրների շուրջ, սակայն դա հնարավոր է միայն հավասարության, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության սկզբունքների հիման վրա:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են երկկողմ հարաբերությունների խնդիրների շուրջ շարունակել շփումները:
Հիշեցնենք՝ Մոսկվան պահանջել էր կրճատել Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական կորպուսի աշխատակիցների թիվը՝ հասցնելով 455 մարդու: Այս պահին Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը 1100 աշխատակից ունի՝ ներառյալ ռուսաստանցի աշխատողները:
Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը ասել է, որ արդեն ստացել են Ռուսաստանի կառավարության համապատասխան ծանուցումը: Դեսպան Ջոն Թեֆթը Ռուսաստանի իշխանությունների որոշման կապակցությամբ խորը հիասթափություն է հայտնել: