Մատչելիության հղումներ

Պակիստանի վարչապետը պաշտոնազրկվեց դատարանի որոշմամբ


Նավազ Շարիֆ, արխիվ

Պակիստանի գերագույն դատարանը որոշել է պաշտոնազրկել երկրի վարչապետ Նավազ Շարիֆին՝ «Պանամական փաստաթղթերով» 2016-ին բացահայտված նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն կապերի պատճառով: Դատարանի այսօր կայացրած որոշումը անմիջապես ուժի մեջ է մտել:

Դատարանը վճիռը կայացրել է քննչական մարմնի հայտարարությունից հետո, թե վարչապետի ընտանիքը չի կարողացել պարզաբանել՝ ինչ միջոցներից մեծ հարստություն ունեն օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններում:

«Նա չի կարող խորհրդարանի անդամ լինել, ինչպես նաև չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը», - հայտարարեց դատավոր Էջազ Աֆզալ Խանը:

Դատարանի որոշումից հետո Շարիֆը հրաժարական է տվել, հայտնել է նրա մամուլի խոսնակը:

Դատարանի որոշումն ընդունվեց Իսլամաբադում անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում, որոնցում ներգրավված էին անվտանգության ավելի քան 3 հազար աշխատակիցներ:

Պակիստանյան մամուլը գրում է, որ Շարիֆի և նրա ընտանիքի անդամների դեմ քրեական հետաքննություն է սկսվելու:

Նավազ Շարիֆը բազմիցս հերքել է կոռուպցիոն մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG