Մատչելիության հղումներ

«Բավական ծավալուն համագործակցություն ունենք ՀՀ ՊՆ-ի հետ»․ Ամերիկացի գեներալ


ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելի, Ախուրյան, 27-ը հուլիսի, 2017 թ․

2002 թվականից ի վեր Միացյալ Նահանգները գրեթե 50 միլիոն դոլարի ռազմական աջակցություն է տրամադրել Հայաստանին:

«Հայաստանի հետ ռազմական համագործակցության ծրագրերը հաջողված են և շարունակական կլինեն»: Այսօր Ախուրյանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին:

«Մենք բավականաչափ ծավալուն կերպով համագործակցում ենք ռազմական ոլորտում և այդ համագործակցությունն իրականացնում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության հետ»,- հայտարարեց ամերիկացի գեներալը, հավելելով․ «Հայաստանի պաշտպանության նախարարության հետ մենք համագործակցում ենք նահանգային ծրագրի շրջանակներում: Տարեկան 10-15 միջոցառում ենք իրականացնում տարբեր ոլորտներում, որոնք շարունակական են ու բավականին հաջողված: Ծրագրում ենք նույն որակով շարունակել»:

Երեկ գեներալը հանդիպում էր ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել սերժանտական համակարգի ուսուցման, ռազմական բժշկության և միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայկական ստորաբաժանումների գնահատման ուղղությամբ համագործակցությունը շարունակել երկարատև ծրագրերի ձևաչափով:

Նշենք՝ 2002 թվականից ի վեր Միացյալ Նահանգները գրեթե 50 միլիոն դոլարի ռազմական աջակցություն է տրամադրել Հայաստանին: Լի Թաֆանելին ու Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Ախուրյանում դիտում էին Շիրակի մարզի փրկարարների ուսումնական վարժանքը: ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի փորձագետներն առաջին օգնության, կենսաապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով տասնօրյա դասընթացներ են անցկացրել մարզի 6 հրշեջ-փրկարարական ջոկատների հետ:

Կանզաս նահանգի հետ համագործակցությունը կշարունակվի նաև արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Նախարար Տոնոյանն այսօր ասաց, որ առաջիկայում նաև տեխնիկական հագեցվածության խնդիրը կլուծվի: Վաղը Կոտայքի մարզի «Լուսակերտ» վարժահրապարակում տեղի կունենան ավելի ծավալուն վարժանքներ, որոնց դարձյալ կմասնակցեն ամերիկացի զինվորականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG