Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին խոստանում է վերադառնալ Ուկրաինա` անգամ քաղաքացիությունից զրկվելուց հետո


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների բողոքի ցույցը Կիևի Անկախության հրապարակում, Կիև, 27-ը հուլիսի, 2017թ․

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երկրորդ անգամ վերջին մեկուկես տարիների ընթացքում զրկվում է քաղաքացիությունից` այս անգամ արդեն ուկրաինականից: Այդ մասին հայտնի դարձավ երեկ երեկոյան, երբ Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` տեղեկացնելով, որ նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիրը:

Միգրացիոն ծառայության պնդմամբ՝ նման քայլի պատճառը Սաակաշվիլիի կողմից քաղաքացիություն ստանալու ընթացքում կեղծ տվյալների տրամադրումն էր: Պարզվում է՝ միգրացիոն ծառայության հարցաթերթիկներում Սաակաշվիլին չէր նշել, որ Վրաստանում իր նկատմամբ քրեական գործ է հարուցված:

Այս պահին Սաակաշվիլին գտնվում է Միացյալ Նահանգներում: Ուկրաինա վերադառնալու պարագայում նա կձերբակալվի և կարտահանձնվի Վրաստանի իշխանություններին, ինչը և պահանջում է պաշտոնական Թբիլիսին արդեն շուրջ չորս տարի շարունակ: Ինքը Վրաստանի նախկին նախագահը, սակայն, պնդում է, որ պաշտոնական Կիևի այս որոշման հետ չի համակերպվելու և շարունակելու է պայքարել:

«Ես ինձ շարքային ուկրաինացի եմ համարում: Ինձ հետ այսօր վարվում են այնպես, ինչպես դատախազներն ու բյուրոկրատները վարվում են շարքային ուկրաինացիների հետ` նրանք թքած ունեն մեր իրավունքների վրա: Ես արդեն 13 տարի է ինչ բնակվում եմ Ուկրաինայում, մասնակցել եմ երեք հեղափոխությունների: Ես միայն մեկ գաղափարական քաղաքացիություն ունեմ` ուկրաինականը: Նրանց չի հաջողվի զրկել ինձ այդ քաղաքացիությունից», - հայտարարում էր Սաակաշվիլին ուկրաինական իշխանությունների կայացրած որոշման հրապարակումից մի քանի ժամ անց տեսագրված ուղերձում:

«Ինձ համար քաղաքացիությունը դատարկ խոսք չէ: Ուկրաինական անձնագիր ստանալով` ես ամեն օր ջանքեր էիր գործադրում, որպեսզի Ուկրաինան հաղթի և վերածվի նորմալ եվրոպական պետության: Իմ սիրտն Ուկրաինայում է` անկախ Ձեր ցանկացած ստորագրությունից», - դիմելով Պորոշենկոյին՝ հայտարարում էր Սաակաշվիլին:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը այսօր պաշտոնապես անդրադարձավ Վրաստանի նախկին նախագահի շուրջ ստեղծված կացությանը` կրկնելով այն պնդումները, որոնք երեկ հնչեցրել էր միգրացիոն ծառայությունը: «Քաղաքացիություն ստանալու ընթացքում Սաակաշվիլին կեղծ տեղեկություններ է տրամադրել պատկան մարմիններին», - «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը փոխանցել են նախագահի աշխատակազմից:

Ուշագրավ է, որ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն զրկելու մասին որոշումը կայացվեց Պորոշենկոյի թբիլիսյան այցից հաշվված օրեր անց: Այդ օրերին հակասական տեղեկություններ էին շրջանառվում, թե արդյոք Սաակաշվիլիին Վրաստան արտահանձնելու հարցը քննարկվել է Ուկրաինայի նախագահի հետ բանակցությունների ընթացքում:

Միխեիլ Սաակաշվիլիի թբիլիսյան կողմնակիցները, սակայն, համոզված են` նախկին նախագահի դեմ ձեռնարկված այս քայլերը ձեռնտու են թե՛ Վրաստանի ներկայիս իշխանություններին և թե՛ պաշտոնական Կիևին: Այս մասին հայտարարում էր Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն: «Տեղի ունեցածը քաղաքական հակառակորդի չեզոքացման տիպիկ օրինակ է: Դա հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանն ու օրենքներին, և ես չեմ բացառում, որ գործը հասնի Ստրասբուրգի դատարան: Ցավալի է, որ այս ամենն արվում է նման տգեղ ձևով», - ասում էր Գոցիրիձեն:

Իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները, մինչդեռ, պնդում են, թե Ուկրաինայի իշխանությունների գործողություններում որևէ քաղաքական ենթատեքստ չկա, քանի որ Սաակաշվիլիի քաղաքական կշիռն այսօր խիստ աննշան է:

«Կարող եմ միայն ասել, որ Միխեիլ Սաակաշվիլին սնանկ քաղաքական գործիչ է և շատ ցածր ժողովրդականություն է վայելում թե՛ Վրաստանում և թե՛ Ուկրաինայում: Այն, ինչ տեղի ունեցավ, շատ տրամաբանական էր: Քաղաքական հետապնդման որևէ նշույլ ես այս ողջ պատմության մեջ չեմ տեսնում», - նշում էր Վրաստանի մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սոֆո Կիլաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG