Մատչելիության հղումներ

Իսրայելը պատրաստ է բոլորին զենք վաճառել, այդ թվում՝ Հայաստանին. Փոխարտգործնախարար


Շավարշ Քոչարյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, կառավարության վարչական շենք, 27-ը հուլիսի, 2017 թ․

Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարներից մեկը հանդիսացող Իսրայելը պատրաստ է զենք վաճառել նաև Հայաստանին, սակայն դա կախված է գնային առաջարկից ու այլ գործոններից: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է, հրապարակավ էլ հնչել է՝ իրենք պատրաստ են բոլորին վաճառել, այդ թվում նաև մեզ: Ռազմական համագործակցության ոլորտում մենք ունենք մեր ձևաչափը, դա ՀԱՊԿ-ն է, բացի դրանից մենք նաև որոշակի ծրագրերի շրջանակներում համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ»,- ասաց փոխարտգործնախարարը, հավելելով, որ Իսրայելից զենքի ձեռք բերումը կախված է, մասնավորապես, գնային առաջարկից:

Հայաստանի արտգործնախարարի հրավերով այս շաբաթ եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ով նախկինում մի քանի տարի զբաղեցրել է երկրի հետախուզության և անվտանգության հարցերի պատասխանատու նախարարի պաշտոնը:

«Ազատության» հետ զրույցում իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան երեկ նշել էր, որ իր այցի նպատակը Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների ամրապնդումն է՝ ընդգծելով, որ ստորագրվել են մի շարք ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր:

Հայաստանի հետ ռազմական ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին Հանեգբին, այդուհանդերձ, չէր պատասխանել, նշելով՝ իր գործունեության ուղղությունը չի առնչվում ռազմական ոլորտին, ինչպես նախկինում էր: Իսրայելցի նախարարը հրաժարվել էր խոսել նաև Ադրբեջանին Իսրայելի կողմից սպառազինության վաճառքի մասին:

Հայաստանի արտգործնախարարի տեղակալն այսօր ընդունեց՝ հայ-իսրայելական հարաբերություններում կան դժվարություններ: «Հայաստանի և Իսրայելի ժողովուրդների միջև կան շատ ընդհանրություններ: Իհարկե՝ կան նաև կնճռոտ ծալքեր: Եվ շատ կարևոր է, որ լինի երկխոսություն, որպեսզի պետություններն, այնուամենայնիվ, միմյանցից մեկուսացված չլինեն, և այդ ուղղությամբ քայլեր են կատարվում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Հավանական է, որ Հայաստանն Իսրայելից զենք չի գնում ոչ միայն ֆինանսական միջոցների անբավարարության, այլև այդ երկրի հետ Հայաստանի հարևանի՝ Իրանի ունեցած լուրջ խնդիրների պատճառով, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: «Բացառված չէ, որ այդ սպառազինության գործարքը, դրա հետ կապված հարաբերությունները կառուցելիս, Իսրայելը որոշակի պայմաններ, որոշակի նրբերանգներ է առաջ քաշում Իրանի հետ հարաբերությունների մասով, և բացառված չէ, որ Հայաստանն այդ առումով ձեռնպահ է մնում դրանց ընդառաջ գնալուց, մինչդեռ Ադրբեջանն, օրինակ, գնում է դրանց ընդառաջ»,- «Ազատության» հետ զրույցում նշեց մեկնաբանը:

Բադալյանի կարծիքով՝ վատ չէր լինի, եթե Հայաստանը զենք գներ Իսրայելից, սակայն, նրա խոսքով՝ ռազմական համագործակցությունից ավելի կարևոր է Իսրայելի հետ քաղաքական շփումներում բարձր մակարդակի հասնելը: «Ակնհայտ է, որ Իսրայելը ներգրավված է տարածաշրջանային զարգացումներում, և հիմնական ներգրավվածության խողովակն այժմ դիտվում է Ադրբեջանը: Եվ Հայաստանը, բոլոր դեպքերում, ունի դա հավասարակշռելու անհրաժեշտություն, և եթե հնարավորություն ունի Իսրայելի հետ հարաբերությունները խորացնել ու ընդլայնել, դա կարող է իսկապես կարևոր նշանակություն ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ ընդհանրապես տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի համար»,- շարունակեց Բադալյանը:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր նաև տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ, բայց այդ հարցում հստակություն դեռևս չկա․ «Համանախագահների կողմից առաջարկությունը, գիտեք, եղել է, այդ ուղղությամբ արտգործնախարարներն աշխատում են, դեռ վերջնական որևէ պայմանավորվածություն, որոշում չկա»:

Նախագահ Սերժ Սարգսյանը օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերության հետ զրույցում ասել էր, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ, և այն կարող է կայանալ աշնանը: Վերջին անգամ Սարգսյան-Ալիև հանդիպում Ռուսաստանի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել անցած տարվա հունիսին՝ Սանկտ-Պետերբուրգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG