Մատչելիության հղումներ

ԵՄ-ն «անհնար է համարում» ներկա պահին Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելը


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին լրագրողների հետ հանդիպմանը: Բրյուսել, 25-ը հուլիսի, 2017 թ․

«Ներկա պահին Եվրամիությունը անհնար է համարում Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելը», - նախօրեին Բրյուսելում Եվրամիություն-Թուրքիա բարձր մակարդակի երկխոսության շրջանակում կայացած հերթական նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:

Հանդիպմանը, որին ներկա են եղել Եվրոպական միության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը, քննարկվել է ԵՄ - Թուրքիա հարաբերությունների ապագան:

Եվրոպացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել Թուրքիայում ժողովրդավարական արժեքների, խոսքի ազատության և մարդու իրավունքների վիճակի, ընդդիմադիր գործիչների, իրավապաշտպանների, լրագրողների կալանավորումների առնչությամբ:

Ֆեդերիկա Մոգերինին, ընդգծելով Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակելու կարևորությունը, կոչ է արել կենտրոնանալ «ոչ թե կարմիր գծերի, այլ ընդհանրությունների վրա»: Արձանագրելով, որ թուրք պաշտոնյաների հետ հանդիպումը կառուցողական ու արդյունավետ է եղել, Մոգերինին հստակ նշել է, որ Եվրամիությունը Թուրքիայից «կոնկրետ քայլեր է ակնկալում»:

Նման կարծիք է հայտնել նաև Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը: Վերջինս գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում անհնար է համարել Թուրքիայի անդամակցությունը եվրոպական ընտանիքին: Նա նշել է, որ ԵՄ-ն Թուրքիայից տնտեսապես կախված չէ, ընդհակառակը, Թուրքիան է մեծապես կախված Եվրոպայից ու Արևմուտքից: Քերնը ընգծել է, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի Եվրոպային մոտենալու համար:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան կողմ է շարունակելու ԵՄ-ի հետ երկխոսությունն ու համագործակցությունը: Պատասխանելով մամուլի ազատության ոտնահարման վերաբերյալ հնչած քննադատությանը՝ Չավուշօղլուն նշել է. - «Լրագրող լինելու հանգամանքը ամեն տեսակ հանցանք գործելու իրավունք չի տալիս»:

Անդրադառնալով Գերմանիայի հետ հարաբերություններում առկա լարվածությանը՝ Չավուշօղլուն հայտնել է, որ այդ խնդիրները լուծելու համար բանակցում է գերմանացի պաշտոնակցի՝ նախարար Զիգմար Գաբրիելի հետ: Թուրք պաշտոնյան հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները շուտով կկարգավորվեն ու նախկինից ավելի ամուր կդառնան:

Թուրք-գերմանական հարաբերությունները կրկին սրվեցին վերջին շաբաթներին, երբ Ստամբուլի քրեական դատարանը երկարաձգեց Amnesty International կազմակերպության` հուլիսի 5-ին ձերբակալված իրավապաշտպանների կալանքի ժամկետը: Կալանվածների թվում է նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները:

Amnesty International կազմակերպության անդամները նախօրեին բողոքի ցույց էին կազմակերպել Բրյուսելում Եվրահանձնաժողովի գրասենյակի դիմաց՝ կոչ անելով Թուրքիային ազատ արձակել կալանավորված իրավապաշտպաններին: Վերջիններիս թուրքական իշխանությունները մեղադրում են ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG