Մատչելիության հղումներ

Իշխանությունները վրեժխնդիր են լինում «Սասնա ծռերից». «Ելք» դաշինքի անդամ


«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ այսօրվա իշխանությունները վրեժխնդիր են լինում «Սասնա ծռերից» այդ օրերի համար։

Դիտարկմանը, թե նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ պետք է արդար դատավարություն լինի և վրեժխնդրություն չլինի, Սիմոնյանն այսպես արձագանքեց. - «Սերժ Սարգսյանն այնքան բան է ասել, որ իրականությանը չի համապատասխանել, որ կարելի է մի առանձին ծրագիր կազմել՝ խոստումներով ու ասածներով։ Ուղղակի վրեժխնդիր է լինում։ Ես կարծում եմ, որ արտաքին աշխարհում՝ պետական մակարդակով որևիցե հետևանք չի ունենա, բայց հետևանքներն ամենօրյա մենք տեսնում ենք՝ մենք տեսնում ենք այդ հետևանքները ընտրություններից հետո, մենք տեսնում ենք նմանատիպ գործողություններից, մենք տեսանք դա լրագրողների դեմ՝ «Սասնա ծռերի» գործողության ժամանակ իրադարձություններից հետո: Միգուցե կարծում են, որ իրենք դեռ ինչ-որ սպառելու լիմիտ ունեն դրսում և փորձում են վրեժխնդիր լինեն այդ օրերի համար»։

«Սասնա ծռերի» գործով որոշումներն, ըստ Սիմոնյանի, կայացվում են ոչ թե դատարանի ներսում, այլ հեռախոսազանգով՝ քաղաքական իշխանությունների կողմից։

«Ես կարծում էի, որ պետք է օրինակելի դատավարություն լիներ, որպեսզի ապացուցեին, որ «Սասնա ծռերի» գործողությունները որևիցե կերպ չէր կարելի արդարացնել և իրոք մենք իրավունքի և օրենքի երկիր ենք։ Դատական նիստ, իշխանություն ասելով ես նկատի չունեմ դատական իշխանությունը, պարզ է, որ որոշումները կայացվում են ոչ թե դատարանի ներսում, այլ հեռախոսազանգով և քաղաքական իշխանությունների կողմից, և շատ ցավում եմ, որ նման կերպով են որոշել վարվել մարդկանց հետ, ովքեր մեծ համակրանք ունեն ժողովրդի կողմից», - ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե արդյո՞ք այս դատավարության ընթացքը, այս ամբողջ գործողությունները նաև լավ առիթ չեն ընդդիմության համար՝ ժողովրդին մոբիլիզացնելու ինչ-որ ընդհանուր գաղափարի շուրջ, «Ելք» դաշինքի անդամը պատասխանեց. - «Հիմա մենք մի պատմական հատվածում ենք, երբ վակուում է տիրում բառի բուն իմաստով՝ եղավ «Սասնա ծռերի» գործողությունը, որը զինված գործողություն էր և միտված էր իշխանությունը փոխելու, եղան ընտրություններ, որտեղ շատ ու շատ կուսակցություններ, շատ անհատներ ջախջախվեցին և նետվեցին քաղաքական աղբանոցը, և կարծում եմ, որ այս մեկ տարին, որը որ կավարտվի, ըստ իս, 2018 թվականին և նախագահական ինստիտուտը կվերանա, այսպես ասած, «թայմ աութ» է լինելու և ուժեր հավաքելու մի ժամանակահատված է լինելու՝ ընդդիմության ու ժողովրդի համար։ Բոլորը հոգնել են քաղաքական իրարանցումներից։ Ժողովուրդը հոգնել է, և ընդդիմությունն արտահայտում է ժողովրդի կարծիքը և ցանկությունները, մնացած բոլոր դեպքերում, երբ արտահայտում է իր սեփական կարծիքը, դա շատ վատ է ավարտվում»։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին: Այժմ այդ իրադարձությունների վերաբերյալ գործերով դատավարություններ են ընթանում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG