Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր առավոտյան հարավային Քանդահար նահանգում գտնվող ռազմակայանի վրա թալիբ գրոհայինների հարձակման արդյունքում 26 զինծառայող է զոհվել: Վիրավորների թիվը մեկ տասնյակից ավելի է: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Դավլաթ Վազիրին նաև հայտնել է, որ հարձակվողների շարքերում ավելի քան 80 սպանվածներ ու վիրավորվածներ կան:
Կառավարության աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանի «Ազատ Աֆղանստան» ծառայությանը ասել են, որ ծանր մարտի հետևանքով շուրջ երեք տասնյակ զինծառայող է զոհվել:
«Թալիբան» շարժումը, իր հայտարարությունում ստանձնելով հարձակման պատասխանատվությունը, հայտնում է, թե 74 զինվոր են սպանել, 6-ին՝ գերեվարել:
Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ լրացուցիչ զորախումբ է ուղարկել Քանդահար:
Թալիբների հարձակումը տեղի է ունեցել Աֆղանստանում բռնությունների աճի ֆոնին: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այս տարվա ընթացքում Աֆղանստանում 1700 քաղաքացիական անձ է զոհվել: