Մատչելիության հղումներ

Կանադացի իրավապաշտպաններին մտահոգում է Ադրբեջանում կանադական զրահամեքենաների առկայությունը


Ադրբեջան - Տեսարան մայրաքաղաք Բաքվից
Ադրբեջան - Տեսարան մայրաքաղաք Բաքվից

Որքանո՞վ է արդարացված կանադական սպառազինության մատակարարումը Ադրբեջանին. այս հարցը ծագեց այն բանից հետո, երբ Կանադայի կառավարությունը պաշտոնապես թույլատրեց երկրում գործող՝ սպառազինությունների արտադրությամբ զբաղվող INKAS ընկերությանը զրահամեքենաներ մատակարարել Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է Կանադայի խոշորագույն հեռարձակող ընկերությունը` CBC-ն:

Կանադական արտադրության զրահամեքենաները նախատեսված են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության համար:

Տորոնտոյում գործող INKAS ընկերությունն ու Ադրբեջանի կառավարությունը նման համաձայնության եկան անցած տարվա սեպտեմբերին` պայմանավորվելով նաև Ադրբեջանի կառավարության հետ զրահամեքենաների արտադրությամբ զբաղվող համատեղ ձեռնարկություն հիմնել:

AZCAN անունը կրող այս ձեռնարկությանը ղեկավար Ռոման Շիմոնովը CBC-ի հետ զրույցում նշել է. - «Ադրբեջանը` գտնվելով Իրանի, Հայաստանի և Թուրքիայի հարևանությամբ, առանձնահատուկ պետություն է թե՛ աշխարհագրական դիրքի, թե՛ աշխարհաքաղաքական մարտահրավերների տեսանկյունից: Այն այսօր ցանկանում է պաշտպանական խնդիրների լուծման նոր ուղիներ գտնել: Խոսքը նաև սահմանների պաշտպանության մասին է»:

Ավելի վաղ, սակայն, Օտտավայում կայացած սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ, կանադա-ադրբեջանական համատեղ ձեռնարկության ղեկավարը պնդում էր, թե INKAS ընկերության կողմից արտադրված զրահամեքենաները ռազմական գործառույթներ իրականացնել չեն կարող:

«Մենք հիմնականում կենտրոնանում ենք այնպիսի արտադրանքի թողարկման վրա, որի միջոցով կարգուկանոնի պահպանմանն ուղղված խնդիրներ է հնարավոր լուծել: Մեր զրահամեքենաները մարտադաշտում որևէ խնդիր լուծել չեն կարող», - նշում էր Շիմոնովը:

Կանադացի իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ անգամ եթե կանադական արտադրության զրահամեքենաները չուղարկվեն հակամարտության գոտի, միևնույն է՝ դրանց առկայությունը Ադրբեջանի տարածքում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել:

Կանադական իրավապաշտպան կազմակերպություններից մեկի` Project Ploughshares-ի ղեկավար Սեզար Յարամիլլոն CBC-ի հետ զրույցում նկատում է. - «Այս կամ այն երկրում տիրող կացության մասին տեղեկությունները Կանադայի պատկան մարմիններին պետք է ստիպեն սպառազինությունների մատակարարման գործընթացի հանդեպ ավելի խիստ հսկողություն սահմանել: Դա վերաբերում է, օրինակ, Սաուդյան Արաբիային, հնարավոր է նաև՝ Ադրբեջանին: Եթե նման արտադրանքի առկայությունը Ադրբեջանում կարող է լուրջ ռիսկերի հանգեցնել, ապա գերադասելի է, որ այդ մատակարարումները դադարեցվեն»:

Կանադայում չեն բացառում, որ Ադրբեջանի ոստիկանությանը մատակարարվող զրահամեքենաները կարող են օգտագործվել Ալիևի վարչակազմի ներքին հակառակորդների դեմ:

«2015 թվականի նոյեմբերին ադրբեջանական ոստիկանությունը իսրայելական արտադրության զրահամեքենաների օգտագործմամբ, որոնք ի դեպ շատ նման են կանադականներին, վիճահարույց հատուկ գործողություն իրականացրեց Բաքվից 30 կիլոմետր հյուսիս գտնվող Նարդարան ավանում: Դրա հետևանքով վեց մարդ զոհվեց, տասնյակ մարդիկ ձերբակալվեցին», - հիշեցնում է CBC-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG