Մատչելիության հղումներ

Փոստանջյան. «Սերժ Սարգսյանը «Ելք»-ի միջոցով փորձում է վերահսկել ըմբոստ ժողովրդին»


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը չի բացառում, որ Սերժ Սարգսյանին չհաջողվի պաշտոնավարել մինչև 2018 թվականի ապրիլը։

«Ազատություն». - Դուք 2018-ի ապրիլից հետո, երբ որ իշխանության փոխանցում պետք է տեղի ունենա, արտահերթ զարգացումներ չե՞ք կանխատեսում։

Փոստանջյան. - Նախ Դուք սխալվում եք, որ 2018-ին դա պետք է տեղի ունենա։ Մենք չգիտենք ինչ է տեղի ունենալու մեկ ամիս հետո, որևիցե մեկը չի կարող այս պահին կանխատեսել։ Դուք մատնանշեցիք, որ Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամ է և ճգնաժամն ամեն օր իրեն զգացնել է տալիս, հետևաբար խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանը կարողանալու է այդ անցնցում, սահուն անցումը կազմակերպել 2018 թվականին, դեռ ինքը պետք է մինչև 2018 թվական ապրի։ Կարող ենք ասել, որ իսկ ո՞վ պետք է անի այնպես, որ նա մինչև 2018 թվական չկարողանա ապրել։ Դա արդեն կախված է, իհարկե, և՛ քաղաքական ճգնաժամից, և՛ տնտեսական ճգնաժամից, և՛ նաև հանրությունից։

«Ազատություն». - Դուք չե՞ք բացառում, որ Սերժ Սարգսյանին չհաջողվի պաշտոնավարել մինչև 2018 թվականի ապրի՞լը։

Փոստանջյան. - Իհարկե մենք չենք կարող բացառել, որովհետև այնպես չէ, որ իր վիճակն, այսպես ասած, կայուն է և ինքն այնքան ամուր բազմել է այդ աթոռին և այդ զավթած իշխանությունն իրեն դյուրին է այդքան պահելը, այդպես չէ, իր կողմից, նաև իր սպասարկումների կողմից հայտարարություններն են այդ մասին վկայում, որոնցից մեկին Դուք մատնանշեցիք։

«Ազատություն». - Ո՞ր հայտարարությունները։

Փոստանջյան. - Նույն այդ «Ելք»-ի հայտարարությունը կարելի է վերագրել հենց իր վախերի մասին։

«Ազատություն». - Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ի՞նքն է ասում, որ պետք է դուրս գալ փողոց։

Փոստանջյան. - Ինքն է այդ պրովոկացիան կատարում։

«Ազատություն». - Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով։

Փոստանջյան. - Որպեսզի ապագա այդ ըմբոստությունն իր կողմից մատնանշված և կնքված անձանց կողմից փորձի ղեկավարել։

«Ազատություն». - Այսինքն՝ վերահսկելի հեղափոխություն...

Փոստանջյան. - Ոչ թե վերահսկելի, այլ ինքը հնարավորություն ունենա կարողանալ վերահսկել այդ ամբողջ ըմբոստ ժողովրդի ցասումը։ Նա ցանկանում է ղեկավարել։ Այդ փորձը մենք տեսել ենք անցյալ տարի, երբ նրանցից մեկին նա, փաստորեն, գործուղել էր «Սասնա ծռեր»-ի այդ օրերին հարթակ։ Այս ամենն այնքան տեսանելի է, որ հնարավոր չէ թաքցնել։

«Ազատություն». - Դուք ո՞ւմ եք ակնարկում, տիկին Փոստանջյան։

Փոստանջյան. - Կարծում եմ՝ արդեն և՛ Դուք, և՛ ժողովուրդը հասկանում են, թե ում եմ ակնարկում։

«Ազատություն». - Տիկին Փոստանջյան, Դուք նշեցիք, որ պետք է խափանել Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու ծրագրերը...

Փոստանջյան. - Ոչ թե իր ծրագրերը, դա համակարգի ծրագիրն է, որտեղ իրեն սպասարկողները Հանրապետական կուսակցությունն է, նաև այդ «Ելք»-ն է։

«Ազատություն». - Բայց նաև «Ելք»-ն է ասում՝ «եկեք միասին խափանենք Սերժ Սարգսյանի ծրագիրը»։

Փոստանջյան. - Իհարկե «Ելք»-ը կարող է նման հայտարարություններ անել, բայց մենք միամիտ չենք և հասկանում ենք, թե «Ելք»-ն ում խոսափողն է և ինչու է անում նման հայտարարություն, և ինչու մի քանի տարի առաջ նման հայտարարություն մեկը «Ելք»-ից չէր անում, ընդհակառակը՝ ասում էր՝ «դա կեղծ օրակարգ է»։ Հետևաբար հավատալ և միամիտ լինել մենք չենք կարող։

«Ազատություն». - Ո՞ւմ խոսափողը նկատի ունեք։

Փոստանջյան. - Այսօրվա գործող համակարգի, համակարգում ընդգրկված մի խումբ է նա։ Այդ նույն «Ելք»-ը այս նույն համակարգի մի բաղկացուցիչ մասն է։

«Ազատություն». - Այդ դեպքում ինչո՞ւ է ասում՝ «պետք է խափանել Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագիրը», անգամ Արամ Սարգսյանը չբացառեց, որ հնարավոր է իրենք մոբիլիզացնեն ժողովրդին՝ ժողովրդին փողոց դուրս բերելու, այդ ծրագրերը խափանելու համար։

Փոստանջյան. - Այդ դեպքում, ինչո՞ւ են լեգիտիմ ճանաչում այդ խայտառակ, այսպես կոչված, Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված խորհրդարանը, հետևաբար խոսել և հավատալ, քննարկել նրանց այդ հայտարարությունը կարծում եմ անհիմն է և բացարձակ որևիցե կերպ հավատ չի կարող ներշնչել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG