Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը Ուկրաինային մեղադրել է իր քարոզարշավը սաբոտաժի ենթարկելու փորձերի մեջ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր գրառմամբ Ուկրաինային մեղադրել է իր քարոզարշավը սաբոտաժի ենթարկելու փորձերի մեջ։

Սպիտակ տան ղեկավարը գրել է, թե Ուկրաինան աշխատանք է տարել իր մրցակից Հիլարի Քլինթոնին աջակցելու ուղղությամբ։ Թրամփը, սակայն, ապացույցներ չի ներկայացրել։

Հաջորդ գրառմամբ, ԱՄՆ նախագահը քննադատել է ԱՄՆ գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզին, ում անձամբ էր նշանակել այդ պաշտոնում։

Թրամփի խոսքով՝ Սեշնզը «թույլ» դիրքորոշում է որդեգրել Հիլարի Քլինթոնի «հանցագործությունների» հարցում, որոնք ներկայումս հետաքննվում են։ Խոսքը անձնական էլեկտրոնային հասցեից ուղարկված գործնական նամակների մասին է, որոնք Քլինթոնը գրել է պետքարտուղար աշխատելու ժամանակ։

Նախօրեին ամերիկյան լրատվամիջոցները գրել են, որ Թրամփը մտածում է Սեշնզին պաշտոնանկ անելու մասին։

Նախագահը նրանից դժգոհել էր նաև մեկ շաբաթ առաջ The New York Times-ին տված հարցազրույցում։ Ամերիկացի առաջնորդը գլխավոր դատախազից դժգոհում էր Սենատում ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ ցուցմունքներ տալու և Թրամփի շրջապատի ու ռուսների միջև հնարավոր կապի շուրջ հետաքննությանը մասնակցելուց հրաժարվելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG