Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում հացահատիկի «եռակի պակաս» բերք են ստացել


Շիրակի մարզում սկսվել է հացահատիկի բերքահավաքը: Գյուղացիները, ովքեր արդեն հասցրել են քաղել բերքը, ասում են, թե երաշտի պատճառով եռակի պակաս բերք են ստացել:

Երաշտը հատկապես իրեն զգացնել է տվել մարզի Անիի տարածաշրջանում, որտեղ հողերը հիմնականում անջրդի են, թեև ոռոգվող տարածքներում էլ բերքը նախորդ տարվա համեմատ նվազ է:

Բենյամինցի Հովհաննեսը ասում է, որ իր ոռոգելի հողատարածքը չի կարողացել ջրել ու բերքի կորուստ է ունեցել․ - «Հերու 4 տոննա էինք ստացել, 5 տոննա դաժե․․․ Բայց էս տարի չկա․․․ Ջրի պրոբլեմ կար, չկրցանք ջրել, 7 հեկտար ունեի ջրելու, հեչ մետր մ չկարացա ջրեի»:

Գյուղացիներից Դավիթը հաշվարկ է անում ու եզրակացնում՝ ներդրած գումարն ու ստացված բերքը իրացնելուց հետո ամենաքիչը 60 հազար դրամ տուժում է:

Մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը ևս հաշվել է՝ եթե գյուղացին նույնիսկ 100 դրամով իր բերքը վաճառի, միևնույն է տուժելու է․ - «Եթե երեք տոննա հացահատիկ էինք ստանում անցած տարի մի հեկտարից, ընդունենք, վաճառվում էր 80 դրամով․ անում ա 240 հազար դրամ, ճի՞շտ է: Էս տարի մի հեկտարից ստացվում ա տոննա ու կես, մաքսիմում երկու տոննա հացահատիկ, որն անգամ 100 դրամով էլ վաճառես, էլի 40 հազար դրամի տարբերություն ա առաջ գալիս: Այսինքն, էս տարի գինը բարձր է, բայց քանի որ ծավալը քիչ է, գյուղացիական տնտեսության ստացած եկամուտը քիչ է»:

Մարզում վերջին անգամ 16 տարի առաջ էր երաշտ գրանցվել: Այն ազդել է հատկապես ցորենի ցանքատարածությունների վրա: Մովսես Մանուկյանն հավելում է, որ երաշտն ազդել է նաև բերքի որակի վրա:

Այս տարի նախորդի համեմատ Շիրակի մարզում շուրջ 6 հազար հեկտար պակաս հացահատիկ է մշակվել: Նույնիսկ ամենացածր բերքատվությամբ հաշվարկները ցույց են տալիս, որ մարզն այս տարի միայն պակաս ցանքատարածությունների ունենալու հետևանքով կորցրել է մոտ 15 հազար տոննա բերք:

Երաշտի պատճառով գյուղացին կանգնելու է սերմացուի խնդրի առաջ: Գյուղվարչության պետն ասում, որ դիմել են կառավարությանը՝ մարզին սերմացու հատկացնելու համար․ - «Մոտ վեց հարյուր տոննայի հայտ ենք ներկայացնել․․․ Եթե ծրագիրը սկսվավ․․․ բայց մենք ունենք բավականին լավ ֆերմերային տնտեսություններ, որտեղ որակյալ սերմացու ունեն: Էդ սերմացուից կգնենք, կտանք ժողովրդին: Մենք ուղղակի կուղղորդենք, թե ում մոտից գնեն»:

Մովսես Մանուկյանը երաշտից ավելի վտանգավոր է համարում հողն անմշակ թողնելը: Ասում է, թե փորձը ցույց է տալիս, որ երաշտին հաջորդող տարում լավ բերք է ստացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG