Մատչելիության հղումներ

«Սիմենս»-ը պահանջում է Ղրիմ տեղափոխված իր սարքավորումները վերադարձնել Ռուսաստանի տարածք


«Սիմենս»-ի գրասենյակը Մոսկվայում

Գերմանիան կոչ է անում Եվրամիությանը՝ընդլայնել պատժամիջոցները ռուսական մի շարք ընկերությունների և անհատների դեմ ՝ «Սիմենս» կոնցեռնի գազային տուրբինները Ղրիմ տեղափոխելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելի իր աղբյուրները:

Ներկայումս Եվրամիության պատժամիջոցների ցանկում են ռուսական 37 ընկերություններ և 150 անհատներ: Նրանց թիվը կարող է մի քանիսով ավելանալ:

Հուլիսի 21-ին «Սիմենս»-ը հայտարարել էր, որ դադարեցնում է իր սարքավորումների մատակարարումը պետական վերահսկողության տակ գտնվող ռուսական ընկերություններին:

Գերմանական կոնցեռնն ասել է, թե ապացույցներ ունի, որ 2016-ին Կրասնոդարի երկրամաս մատակարարած գազային չորս տուրբինները ձևափոխվել ու անօրինականորեն տեղափոխվել են բռնակցված Ղրիմ:

Հուլիսի 11-ին «Սիմենս»-ը ռուսական գործընկերների դեմ հայց է ներկայացրել Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ պահանջելով տուրբինները Ղրիմից վերադարձնել Կրասնոդարի երկրամաս:

Ռուսական Технопромэкспорт ընկերությունը պնդում է, որ տուրբինները ձեռք է բերել երկրորդային շուկայում և արդիականացրել է սեփական ուժերով:

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովն ասել է, որ Սիմֆերոպոլի և Սևաստոպոլի ջերմակայանների համար Ղրիմ տեղափոխված տուրբինները ռուսական վկայական ունեն:

Գերմանիայի կառավարության մամուլի փոխխոսնակ Ուլրիկե Դեմերն այսօրվա ճեպազրույցում ասել է, որ կառավարությունը ուշադիր հետևում է իրավիճակին: «Ներկայումս քննարկվում է, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ անօրինական գործողությունները», - ասել է նա՝ նշելով որ տուրբինները Ղրիմ տեղափոխելը հակասում է «բարձր մակարդակով» արված հավաստիացումներին:

«Սիմենս»-ը տուրբինները մատակարարել էր Կրասնոդարի երկրամասը Ղրիմից բաժանող նեղուցի մյուս ափին՝ Թամանում ջերմակայան կառուցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG