Մատչելիության հղումներ

Շիրխանյանը չի ընդունում, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կատարելու առաջարկ է արել. փաստաբան


Վահան Շիրխանյան, արխիվ
Վահան Շիրխանյան, արխիվ

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, թե 2015 թվականին Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին առաջարկել է իշխանափոխության հասնել՝ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ իրականացնելու միջոցով: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ պնդելով, որ ամբողջ մեղադրանքը հիմնված է ընդամենը անօրինական ճանապարհով ձեռք բերված ձայնագրությունների վրա:

«Բովանդակությունն էլ ինքը միանշանակ չէ՝ երկիմաստ բովանդակություն ունի և կարելի է տարբեր ձևով հասկանալ այն, ինչ որ այնտեղ խոսվում է։ Եվ պարոն Շիրխանյանն ասում է, որ կոնկրետ էդ բովանդակության խոսակցություն ինքը չի վարել։ Ինքը չի բացառում, որ այդ ձայնագրությունները ինչ-որ ձևով հարմարեցված են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալումյանը։

Նշենք, որ, ըստ պաշտպանության նախկին փոխնախարարին ներկայացված մեղադրանքի, «Վահան Շիրխանյանը՝ համաձայնություն տալով մասնակցել հանցավոր համագործակցությանը, Արթուր Վարդանյանին առաջարկել է իշխանափոխության հասնել՝ առանց պետական մարմինների վրա բացահայտ հարձակումներ գործելու: Նա իշխանափոխության հասնելու հնարավոր տարբերակներից է համարել Սերժ Սարգսյանի վրա մահափորձ իրականացնելու ճանապարհը»:

Նկատենք, ըստ մեղադրանքի, զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը ծրագրել էր հարձակումներ գործել մի շարք պետական մարմինների՝ Հայաստանի նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և Հանրային հեռուստաընկերության վրա: Ընդ որում, նախագահի նստավայրի վրա կատարվելիք հարձակման մեջ պետք է ներգրավված լիներ 20 անձ։

Ըստ մեղադրանքի, «իշխանությունը յուրացնելու նպատակով քննարկվել է նաև օդակայանին մոտ գտնվող Արևաշատ գյուղի տարածքից РПГ տեսակի հակատանկային նռնականետով կամ PK գնդացրով Հայաստանի նախագահի օդանավը խոցելու հնարավորությունը, սակայն հանցագործության նախապատրաստական կոնկրետ գործողություններ չեն ձեռնարկվել և չեն իրականացվել»:

Մինչդեռ պաշտպանության նախկին փոխնախարարի փաստաբանը շեշտում է՝ կատարված ապօրինի ձայնագրությունը Շիրխանյանի մեղադրանքի հիմքում դրված միակ ապացույցն է։

Թե ովքե՞ր են գաղտնի ձայնագրել Վահան Շիրխանյանի և Արթուր Վարդանյանի խոսակցությունը, փաստաբան Հայկ Ալումյանը դժվարանում է ասել, սակայն վերջինիս պնդմամբ, քանի որ դրանք ապօրինաբար են ձեռք բերվել, ապա նման դեպքում ընդհանրապես չպետք է քննարկման առարկա դառնային, առավել ևս մեկնաբանվեին և դրվեին մեղադրանքի հիմքում։

Ի դեպ նկատենք, ըստ Հայկ Ալումյանի, խոսքը ոչ թե հեռախոսային, այլ անմիջական ձայնագրության մասին է, որն Ազգային անվտանգության ծառայության կողմից չի իրականացվել:

Հարցին, թե Արթուր Վարդանյանի հետ այլ անձի՞նք են եղել այդ հանդիպման ընթացքում, փաստաբանը պատասխանց. - «Այո, բայց պարզ չէ, թե նրանցից ով է արել»։

Ճշտող հարցին, թե Վահան Շիրխանյանը նրանց չի՞ ճանաչել, Ալումյանը պատասխանեց. - «Ո՞նց չի ճանաչել, ճանաչել է»։

Ի դեպ Շիրխանյանին ներկայացված մեղադրանքում նաև նշվում է, թե «քանի որ նա անձնապես ճանաչել է այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը խնդրել է Շիրխանյանին հնարավոր գործողության ընթացքում ապահովել բանակի աջակցությունը կամ առնվազն չեզոքությունը՝ իրադարձություններին չխոչընդոտելու և խումբը չվնասազերծելու առումով»:

Ըստ փաստաբանի, մեղադրանքի այս մասը Շիրխանյանը նույնպես չի ընդունում: Եվ ընդհանրապես, պաշտպանության նախկին փոխնախարարը մեղադրանքն ամբողջությամբ չի ընդունում։ Ինչպես նրա պաշտպան Հայկ Ալումյանն է նշում, Շիրխանյանը Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանին երբեք լուրջ չի ընդունել:

«Ազատություն». - Իսկ ի՞նչ գործ է նա ունեցել Արթուր Վարդանյանի հետ, ի՞նչ են քննարկել, ընդհանրապես իշխանափոխության հարց քննարկե՞լ են նրա հետ, թե՞՝ ոչ։

Ալումյան. - Իշխանափոխության հա՞րց... երբ որ մեկը գալիս է ու սկսում է խոսել իշխանափոխությունից, հիմա համարենք, որ իրենք քննարկեցի՞ն, ես այդպես չեմ համարում՝ ինչ-որ մեկը գալիս է հյուր ու սկսում է խոսել իշխանափոխությունից, որ պետք է այս, պետք է այն, որ այսպես այլևս չի կարելի և այլն, հիմա ո՞նց համարենք, որ իրենք քննարկեցի՞ն իշխանափոխություն։

«Ազատություն». - Ուղղակի իրենք զրուցե՞լ են, ինչ-որ ծրագրված բան չի՞ եղել։

Ալումյան. - Ինչ-որ մեկը եկավ, իրա պլաններից ինչ-որ մաս պատմեց, ընդ որում այնպիսի բաներ, որոնք որ հստակ չեն՝ կարճ պլաններ պատմեց ու գնաց, հետո՞, դա համարենք որ քննարկեցի՞ն, հա՞։

«Ազատություն». - Արթուր Վարդանյանը եկել և պատմե՞լ է իր պլանների, ծրագրերի մասին։

Ալումյան. - Ոչ այդ ծավալով, որ ծավալով որ հիմա մենք տեսնում ենք գործի մեջ, չէ։

«Ազատություն». - Այսինքն՝ ինչ-որ վտանգավոր բան չի տեսել այդտեղ պարոն Շիրխանյանը։

Ալումյան. - Պարոն Շիրխանյանն ընդհանրապես Արթուր Վարդանյանին անձամբ և նրա ասածները երբեք լուրջ չի ընդունել։

Հարցին, թե քանի որ Վահան Շիրխանյանը հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները, այդ դեպքում ինչո՞ւ է Ազգային անվտանգության ծառայությունը նման ծանր մեղադրանքներ ներկայացրել, պաշտպան Հայկ Ալումյանը պատասխանեց, թե Շիրխանյանն իրեն քաղաքական բանտարկյալ է համարում:

Նշենք, որ Վահան Շիրխանյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, «նա ստանձնել է մասնակցել հանցավոր համագործակցությանը` կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015 թվականի նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG