Ադրբեջանը ձգտում է միջազգային աջակցություն ապահովել ղարաբաղյան հարցում իր ռազմական դիվանագիտությանը, այսօր «Ազատության» հետ զրուցում՝ անդրադառնալով օրերս Սոչիում կայացած Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը Արևմուտքի հետ հատկապես իր խնդիրներով հանդերձ Ռուսաստանի կարիքն է զգում՝ իր ռազմական դիվանագիտությանը քիչ թե շատ միջազգային լեգիտիմություն տալու համար։ Ռուսաստանն էր մինչև էդ հիմնական ապահովողը՝ մինչև ապրիլյան պատերազմը։ Ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան ստիպված է որոշակի զգուշավորություն ցուցաբերել էդ հարցում, տեսանք, որ Հայաստանի հետ էլ ինքը խնդիրներ ունի և հիմա ստիպված է մի քիչ ավելի զգույշ լինել։ Բաքվին դա, բնականաբար, չի գոհացնում և Բաքուն ուզում է որպեսզի Ռուսաստանն ավելի ակտիվ աջակցի իրեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։
Ուրբաթ օրը՝ ընդունելով Իլհամ Ալիևին, Վլադիմիր Պուտինը, ըստ Կրեմլի հաղորդագրության, նշել էր․- «Ուրախ եմ մեր՝ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում ձևավորվող իրավիճակի մասին Ձեզ հետ խոսելու հնարավորության համար: Այդ իրավիճակը պարզ չէ, սակայն հուսով եմ՝ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի, որպեսզի մենք փնտրենք բոլոր բարդ խնդիրների լուծման ճանապարհները»:
Արձագանքելով՝ Ալիևը, մասնավորապես, ասել էր․ - «Տարածաշրջանային, համաշխարհային հարցերի վերաբերյալ պարբերական խորհրդատվությունների անհրաժեշտություն կա: Նման անհրաժեշտություն կա նաև երկկողմ հարաբերությունների ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ»:
Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր:
«Հատկանշական է, որ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ Ղարաբաղը, որպես քննարկված կոնկրետ թեմա չկար, կար ընդհանուր տարածաշրջանի թեմա, և սա կրկին վկայում է, որ Ռուսաստանի համար խնդիրն այն առաջնահերթությունը չունի, որքան Ալիևի համար, Ադրբեջանի համար», - ասաց քաղաքական մեկնաբանը։
«Արմենիա» հեռուստաընկերությանը օրերս տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ, և հանդիպումը կարող է կայանալ այս աշնանը:
Բադալյանը չբացառեց, որ Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպումը կարող է միտված լինել Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մի նոր եռակողմ հանդիպման նախապատրաստմանը: Վերջին անգամ՝ անցած տարվա հունիսին Սանկտ-Պետերբուրգում կայացած նման հանդիպման նախաձեռնողը Ռուսաստանն էր:
«Այստեղ խնդիրն այն է, թե որն է լինելու այդ հանդիպման օրակարգը։ Այսինքն՝ օրակարգը լինելու է այն, ինչ-որ Բաքո՞ւն է ուզում՝ հայկական զորքերի դուրսբերում, թե՞՝ օրակարգը լինելու է այն, ինչ-որ Երևանն է պնդում, որ պետք է հրադադարի մեխանիզմներ ներդրվեն։ Այստեղ իրավիճակը իսկապես շատ հակասական է, և Ռուսաստանն էլ շատ մեծ պատասխանատվություն ունի, այն իմաստով, որ ներկայումս Ռուսաստանը պարտավոր է, ստիպված է, ապահովել հարաբերական կայունություն առնվազն, որովհետև ապրիլյան պատերազմը դա նաև Ռուսաստանի տապալումն էր. պարզ դարձավ, որ այդ պետությունը չի կարողանում ապահովել տարածաշրջանային անվտանգության իր գործառույթները, և սա միջազգային տապալում է, ըստ էության», - ասաց Բադալյանը։
Իշխող Հանրապետական կուսակցությունում նույնպես չեն բացառում, որ առաջիկայում կարող է կայանալ Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպում: Շաբաթ օրը նման հնարավորության մասին խոսեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցությունում Սերժ Սարգսյանի տեղակալ Արմեն Աշոտյանը:
«Կանխատեսելի է նաև այլ կոնսուլտացիաների այլ ռաունդ, որովհետև, եթե կապեք այս դիվանագիտական գործունեությունը Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունների հետ՝ առ այն, որ իրենք ջանքեր են գործադրելու որպեսզի կայանա նաև նախագահների միջև հանդիպում, ինձ համար Ալիև-Պուտին հանդիպումը այդ նախագահների հանդիպման նախապատրաստման, քաղաքական նախապատրաստման ռաունդ է։ Ես այդպես եմ դիտարկում։ Ստույգ ինֆորմացիա չունեմ, բայց կանխատեսում այս ուղղությամբ կարող եմ անել», - ասել էր Աշոտյանը։