Մատչելիության հղումներ

«Ո՛չ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով երթ Թբիլիսիում


Վրաստան - «Ո՛չ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով երթը Թբիլիսիում, 23-ը հուլիսի, 2017թ․
Վրաստան - «Ո՛չ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով երթը Թբիլիսիում, 23-ը հուլիսի, 2017թ․

«Ո՛չ ռուսական ֆաշիզմին»՝ այս կարգախոսի ներքո երեկ Թբիլիսիի Աղմաշենեբելի փողոց են դուրս եկել հարյուրավոր ակտիվիստներ:

Երթը, որ կազմակերպել էր «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը, փորձել են խոչընդոտել հակընդդեմ երթի՝ ազգայնական կարգախոսների ներքո նույն փողոցում հավաքված ակտիվիստները, ովքեր տասն օր առաջ պահանջում էին ներգաղթի մասին նոր օրենք ընդունել` սահմանափակելով ներգաղթյալների մուտքը Վրաստան և արտաքսելով անօրինական ներգաղթյալներին: Վրացական մամուլի գնահատմամբ՝ միգրանտների դեմ բողոքի ակցիաների գլխավոր թիրախը Վրաստանում բնակվող Թուրքիայի և արաբական մի շարք պետությունների քաղաքացիներն էին:

Մեծաթիվ ոստիկանների կողմից ուղեկցվող երեկվա ցույցը, այդուհանդերձ, առանց միջադեպերի չի անցել: Ազգայնական կարգախոսներ վանկարկող ցուցարարները հավկիթներ, ջրով լի պլաստիկե շշեր են նետել ընդդիմախոսների ուղղությամբ՝ ընդհուպ վնասելով նրանցից մեկին։ Ոստիկաններին ի վերջո հաջողվել է կանխել հետագա բախումը, և այլ միջադեպեր չեն գրանցվել։

«Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք փողոց են դուրս եկել ցույց տալու, որ Վրաստանը հանդուրժողական երկիր է, որտեղ ֆաշիզմն ու այլատյացությունը տեղ չունեն: Հուլիսի 14-ին «ֆաշիստական կարգախոսներով» փողոց դուրս եկած ակտիվիստները, ինչպես պնդում են երեկվա ակցիայի կազմակերպիչները, ուղղորդվել և ֆինանսավորվում են Կրեմլի կողմից:

«Այսօր մենք «ո՛չ» ենք ասում ֆաշիզմին, որը մի քանի օր առաջ, ցավոք, տեղ էր գտել այս նույն փողոցում անցկացված ցույցի ժամանակ, ինչը միանշանակ հակասում է Վրաստանի որդեգրած արժեքներին ու սկզբունքներին», - երեկ հայտարարում էր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Սերգի Կապանաձեն:

Կուսակցության մեկ այլ առաջնորդ Գիգի Բոկերիան էլ հայտարարել է, թե նման «խայտառակ անձինք» շատ երկրներում կան, սակայն ներկայիս իշխանությունների օրոք նրանք այնքան են հանդգնել, որ ֆիզիկական հաշվեհարդարով են սպառնում իրենց դեմ ձայն բարձրացնողներին:

«Մենք պետք է ցույց տանք, որ ավելի շատ ենք և թույլ չենք տա մեզնից խլել եվրոպական ընտրությունը», - ընդգծել է Բոկերիան, ում հակընդդեմ ցույցի մասնակիցներն իրենց հերթին են «ֆաշիստ ու հանցագործ» անվանում նախկին իշխանությունների օրոք «երկրում ապօրինություններ թույլ տալու համար»:

Հիշեցնենք՝ «Եվրոպական Վրաստան»-ի ներկայիս առաջնորդները նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Ազգային միացյալ շարժում» կուսակցության նախկին անդամներն են: Միացյալ ազգային շարժումը տրոհվեց անցած աշնանը խորհրդարանական ընտրություններից հետո: Գիգա Բոկերիան և նրա մի խումբ կուսակիցներ լքեցին Միացյալ ազգային շարժումն ու հիմնեցին նոր կուսակցություն՝ մնալով, սակայն, ընդդիմադիր ճամբարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG