Մատչելիության հղումներ

ՀԱԿ փոխնախագահ․ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու սցենարը շատ հեշտ է կանխատեսել


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասում է, որ վերջին շրջանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դարձել է իշխանական պրոպագանդայի կողմից մատուցվող ամենաակտիվ մարդը, իսկ նախընտրական շրջանում ակտիվ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը անցել է երկրորդ պլան: Սա, Զուրաբյանի խոսքով, արվում է մեկ նպատակով՝ նախապատրաստել հանրությանը Սերժ Սարգսյանի վարչապետությանը:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 23-ի թողարկման ժամանակ անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահի արած հայտարարությանը, թե «ի՞նչ էական է» 2018 թվականին իր վարչապետ դառնալու հարցը՝ «մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է, ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածությունը», և, «իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց արդեն Հայաստանը անձնակենտրոն իշխանություն չունի», Հայ ազգային կենտրոնի փոխնախագահը ասաց․ - «Հիմնական դեմագոգիան <...> նրա մեջ է, որ ասում է՝ Հայաստանում այլևս չկա անձնակենտրոն կամ միանձնյա իշխանություն՝ կա խորհրդարանի իշխանություն: Այստեղ է գլխավոր քարոզչական խաբեությունը: Իրականում հենց բոլորս պետք է հասկանանք մի բան, և ժողովուրդը պարզ, և մեր հասարակությունը շատ լավ դա հասկանում է՝ որ Հայաստանում ոչ մի նշանակություն չունի, ցավոք սրտի, երբ ընտրությունները կեղծված են և միշտ իշխանության են բերում նույն մարդկանց, նույն խմբին, նույն կուսակցությանը, ոչ մի նշանակություն չունի՝ այդ քաղաքական համակարգը ունի նախագահական տեսք, խորհրդարանական տեսք, կամ որևէ այլ տեսք, ինչպես, ասում եմ, նույնն էր Սովետական Միությունում: Նույն անձնակենտրոն իշխանությունն է, որը կենտրոնացած է Սերժ Սարգսյանի շուրջը․․․»:

Հարցին, թե իր կանխատեսմամբ՝ Սերժ Սարգսյանը կցանկանա՞ արդյոք լինել վարչապետ, թե՞ կշարունակի մնալ իշխող Հանրապետական կուսակցության նախագահ և կնախընտրի մեկ այլ հանրապետականի նշանակել վարչապետ, Լևոն Զուրաբյանը արձագանքեց․ - «Այդ սցենարը շատ հեշտ է կանխատեսել, որովհետև բոլոր քայլերը, որ կատարել է իշխող ռեժիմը, շատ կուռ տրամաբանության մեջ են՝ սկզբից կատարեց սահմանադրական փոփոխություններ, որոնք թույլ կտան Սերժ Սարգսյանի իշխանությանը վերարտադրվել, որովհետև եթե այդ սահմանադրական փոփոխությունները չլինեին, 18 թվականին Սերժ Սարգսյանը ուղղակի պետք է հեռանար, իր տեղը զիջեր մեկ այլ նախագահի՝ լիներ դա Հանրապետական կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ, թե այլ կուսակցության ներկայացուցիչ՝ դա կարևոր չէ, բայց անձնական իշխանության այդ ռեժիմը կփոխվեր, ոնց որ փոխվեց, երբ Ռոբերտ Քոչարյանից իշխանությունը անցավ Սերժ Սարգսյանին: Հիմա, էդ բանը արեցին, դրանից հետո կեղծեցին խորհրդարանական ընտրությունները, ստեղծեցին իրենց ուզած, թելադրած, հաշվարկված կազմը: Էդ բոլոր քայլերը անելուց հետո, Դուք կարծում եք, ի՞նչ է՝ էդ տրամաբանական շղթայում հենց վերջին շղթա՞ն, որի համար ամբողջ այդ շղթան ստեղծվել է, այդ շղթան պետք է պակասե՞ր, այդ օղակը պետք է պակասե՞ր: Ամբողջ շղթան ստեղծվել է այդ վերջին օղակի համար»:

Հայաստանում սահմանադրական փոփոխություններով, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի համար հնարավորություն է ստեղծվել 2018 թվականի ապրիլի 9-ից՝ իր նախագահական լիազորությունների ավարտից հետո էլ շարունակել ղեկավարել երկիրը իբրև վարչապետ՝ փաստացի երրորդ անգամ ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG