Ամերիկյան Exxon Mobil էներգետիկ կոնցեռնը դիմել է դատարան՝ վիճարկելու ընկերությանը տուգանելու մասին ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշումը: ExxonMobil-ը սահմանված տուգանքը «ամբողջովին անարդար» է համարում:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի օրը որոշել է 2 միլիոն դոլարով տուգանել ընկերությանը՝ Ռուսաստանի հետ պայմանագրեր կնեքելու համար, ինչն արվել է «Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելով»: 2014 թվականին Exxon Mobil-ը ութ պայմանագիր է կնքել «Ռոսնեֆտ»-ի հետ, որի ղեկավար Իգոր Սեչինի անունը ներառված է ԱՄՆ-ի պատժամիջոցներին առնչվող ցանկում:
2014-ի մայիսից, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, ռուսական տասնյակ ընկերությունների, բանկերի, անհատների դեմ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց՝ Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականներին աջակցելու, այդ թվում՝ ֆինանսավորելու համար:
Թեև Exxon Mobil-ի կենտրոնակայանը գտնվում է Տեխաս (Թեքսաս) նահանգում, ընկերությունը դիմել է դաշնային դատարան՝ վիճարկելով ֆինանսների նախարարության որոշումը: Ընկերության հայցում նշված է՝ պատժամիջոցները վերաբերում են անձնապես Իգոր Սեչինին, այլ ոչ թե «Ռոսնեֆտ»-ին, իսկ պայմանագրերը կնքվել են «Ռոսնեֆտ»-ի հետ:
Exxon Mobil-ը 2006-2017 թվականներին ղեկավարել է ԱՄՆ-ի ներկայիս պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Հիթեր Նաուերթը, ամենօրյա բրիֆինգում անդրադառնալով այդ հարցին, հիշեցել է՝ երբ Թիլերսոնը նշանակվել է պետքարտուղարի պաշտոնում, այդ ժամանակ նշել է, որ նախկինում իր գլխավորած ընկերության գործերին չի միջամտելու:
Exxon Mobil-ը «Ազատություն» ռադիոկայանի հարցին էլեկտրոնային փոստով ուղարկած պատասխանում բացառել է ընկերությանը հասցեագրված մեղադրանքները, նշելով՝ ենթադրյալ խախտումերի շրջանում ընկերությունը կառավարությունից ուղեցույց էր ստացել, թե հատկապես որ գործարքները կարող են համարվել պատժամիջոցները խախտող:
Ավելի վաղ ընկերության մամուլի խոսնակ Ուիլյամ Հոլբրուքն ասել է՝ երբ ընկերության ներկայացուցիչները փաստաթղթեր են ստորագրել «Ռոսնեֆտ»-ի հետ, Exxon Mobil-ը հստակորեն հետևել է Սպիտակ տան և ֆինանսների նախարարության ուղեցույցին:
Մոսկվայում «Ռոսնեֆտ»-ի մամուլի խոսնակ Միխայիլ Լեոնտևը անհասկանալի է համարել, թե ինչու է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հիմա պատժում Exxon Mobil-ին, եթե ստորագրված փաստաթղթերն «արդեն 3 տարի է հրապարակայնորեն հայտնի էին»:
Exxon Mobil-ը շուրջ երկու տասնամյակ մասնակցել է Ռուսաստանում իրականացվող էներգետիկ ծրագրերին: 2014-ի մայիսից Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցներն արգելափակեցին ամերիկյան կոնցեռնի գործունեությունը, մեծ վնասներ պատճառելով վերջինիս: Անցած ապրիլին Exxon-ը ֆինանսների նախարարությանը խնդրել էր թույլատրել՝ շարունակել համագործակցությունը ռուսական ընկերության հետ, մասնավորապես, Սև ծովում իրականացվող էներգետիկ ծրագրերի շրջանակներում: Այդ խնդրանքը, սակայն, մերժվել էր:
Նշենք, որ 2 միլիոն դոլարի տուգանքն, ըստ էության, խորհրդանշական պատիժ է Exxon Mobil-ի հանդեպ, որի միայն անցած տարվա եկամուտը կազմել է շուրջ 7 միլիարդ 800 միլիոն դոլար: