Մատչելիության հղումներ

Վանաձոր-Ալավերդի «ամենաբարդ մայրուղու» բարեկարգման աշխատանքները հաջող են ընթանում, բանվորներն էլ «աշխատավարձից գոհ են»


Հիմնանորոգվում է Վանաձոր-Ալավերդի մայրուղին, 21-ը հուլիսի, 2017 թ․
Հիմնանորոգվում է Վանաձոր-Ալավերդի մայրուղին, 21-ը հուլիսի, 2017 թ․

Վանաձոր-Ալավերդի մայրուղու ամենավտանգավորը համարվող երկրորդ թունելի շինարարության հիմնական մասն ավարտվել է։ Շինարարության պատասխանատու «Կապավոր» ընկերությունը թունելի բարձրությունն ավելացրել է 2 մետրով, հասցնելով 5-ի: Նակինում թունելի բարձրությունն ընդամենը 3 մետր էր: Այն նաև լայնացվել է, հիմնանորոգվել են մշտական ջրահոսքեր ունեցող պատերը։

Ձորագետ-Քոբայր մայրուղու մոտ 9 կիլոմետրանոց հատվածում շինարարներն անվտանգ են դարձրել ևս մեկ թունել, նաև կառուցել մի կամուրջ, նվազեցրել են թեքություններն ու լայնացրել ճանապարհը։ «Կապավոր» ընկերության Ալավերդու տեղամասի պետ Բաղդասար Զարգարյանն ասում է՝ Հայաստանի ամենաբարդ ճանապարհներից մեկը համարվող Վանաձոր-Ալավերդի հատվածն այսպիսով առավել անվտանգ են դարձրել: «Վտանգը, իմ իմանալով, ամենաքիչը մի 90 տոկոս կրճատվում ա», - վստահեցրեց Զարգարյանը:

Շինարարության պատասխանատուն պնդում է, թե աշխատանքը նախատեսված տեմպերով ընթանում է, ծրագրվածի մոտ 70 տոկոսն արդեն իրականացրել են։ Այսօր արդեն ջրահեռացման համակարգերն էին կառուցում։ Ըստ տեղամասի պետի, արդեն մեկ շաբաթից կսկսեն ասֆալտապատումը: Ինչպես նախատեսված է ծրագրով՝ հաջորդ տարվա փետրվարին մայրուղու 9 կիլոմետրանոց հատվածն արդեն պատրաստ կլինի շահագործման, վստահեցնում է շինարարը։

Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերի վարկային միջոցներով ֆինանսավորվող այս ծրագիրը մեկնարկել է անցած տարվա սեպտեմբերին։ Նախատեսված է 101 միլիոն եվրոյով Վանաձոր- Բագրատաշեն 90 կմ երկարությամբ մայրուղու վրա լայնացնել դժվարանցանելի հատվածները, վերանորոգել ու վերակառուցել թունելները, կամուրջները, հենապատերն ու ջրահեռացման համակարգերը։ Մտադիր են կես տարուց ավարտել ծրագրով նախատեսված աշխատանքների կեսը՝ շահագործման հանձնելով Վանաձորից մինչև Քոբայր ընկած հատվածը։

Դրանից հետո վերակառուցելու են մայրուղու մյուս հատվածը՝ մինչև Բագրատաշեն։ Բաղդասար Զարգարյանն ասում է՝ ճիշտ սպասարկման դեպքում ճանապարհն «առանց կարկատանների անհրաժեշտության» կծառայի առնվազն 20 տարի․ «Փլվածքներ չեն լինի, փոսեր գոյանալը՝ դա գալիս ա շատը սպասարկումից, նայած, ասենք, սպասարկումը ոնց կարվի»:

«Կապավոր» ընկերության 220 աշխատողների գերկաշիռ մասը Ալավերդուց և հարակից գյուղերից են: Ըստ ընկերության Ալավերդու տեղամասի պետի, նրանք ամսական 150-ից 200 հազար դրամ աշխատավարձ են ստանում, «նեղ մասնագիտությունների դեպքում»՝ նույնիսկ ավելի բարձր։

Էդուարդ Գալոյանը մասնագիտությամբ մանկավարժ է։ Ստեփանավանին հարակից Կողես գյուղի դպրոցում 5 տարի պատմություն է դասավանդել։ Սակայն ստացած աշխատավարձից դժգոհ՝ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: 5 տարի անց վերադարձել է և այժմ այստեղ էլ շարունակում է շինարարությամբ զբաղվել: «Խոպանից եկել եմ, էս գործին եմ։ Էս ա իրականությունը: Բանվորություն եմ անում, ոնց տեսնում եք»,- ասում է նախկին մանկավարժը:

Հովսեփ Ռամազյանը ևս շինարարության ոլորտում է աշխատում, մեքենավար է։ Տարիներ շարունակ Մոսկվայում «նույն գործն է արել»։ Ուրախ է, որ տանը մոտիկ աշխատանք է գտել․ «Ընդեղ մեծ ա, բայց ստեղ, որ քո տան դռան առաջին ես աշխատում․․․հա, գումարը եսիմ ինչ չի, բայց..»: Ալավերդցի Կարենը ևս այս տարի Ռուսաստան չի մեկնել, այստեղի աշխատավարձից էլ գոհ է։ «Շատ եմ ստանում, էնքան, որ Ռուսաստան չեմ գնացել»,- ասում է Կարենը:

Վանաձոր-Ալավերդի հատվածի շինարարության հենց սկզբից մայրուղին հիմնականում փակ է եղել։ Օգտագործվում է այլընտրանքային՝ Ստեփանավանով անցնող ճանապարհը, որը մոտ 35 կիլոմետրով ավելի երկար է։ Վերանորոգվող ճանապարհով երթևեկում են միայն մերձակա բնակիչները՝ գյուղից գյուղ տեղափոխվելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG