Մատչելիության հղումներ

Բայանդուրցի թոշակառու․ Օդը փագեն՝ մեռնինք-պրծնինք


Անիի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի գյուղերում, որտեղ արդեն սկսվել է բերքահավաքը, գյուղացիները տարին բարենպաստ չեն համարում:

Երազգավորսի համայնքապետ Արտաշես Մխիթարյանը ասում է, թե գյուղացին ո՛չ իր ակնկալած խոտն է քաղել, ո՛չ էլ ցորենն ու գարին․ - «Երաշտ էր ամբողջ տարին․․․ Բերքի ակնկալիք չունենք: Գյուղը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, խոտի պրոբլեմ կա․․․ Էսօր գյուղացին որ թանկ վճարեց, բնական է անասունների գլխաքանակի կրճատում միանշանակ կլինի»:

Խոտի քիչ լինելն անմիջապես ազդել է գնի վրա: Նախորդ տարին 400-500 դրամով էին գնում խոտի մեկ տուկը, այս տարի արդեն կրկնակի են վճարում:

Երազգավորսցի Հասմիկ Էլբակյանը հաշվարկ է անում ու ասում, որ ստիպված է հարկադիր մորթ անել․ - «Հենց հըմի վեցը գլուխ է: Շատ ունեինք, էս խոտի պատճառով ծախել ենք, էլի պտի ծախենք»:

Հարևան Բայանդուր գյուղում էլ գյուղացիները կանգնած են նույն խնդրի առաջ: «Անասունը պտի մորթենք, վերացնենք պտի: Հըմի վեցը հատ կով է, վեցից չորս հատը կմորթենք, երկուսը կմնա: Հարկադիր մորթեմ պտի, կեր չունիմ: Մե տուկ ըմ խոտը 1200-1500 դրամ է, լիտր ըմ կաթը 120 դրամով են տանում, էլ իմ օգուտս ո՞րն ի», - բողոքեց բայանդուրցիներցի մեկը:

Վալյա Մկրտչյանը դաշտից այսօր էր քաղած ցորենը տուն բերել: Ցույց է տալիս կես հեկտարից ստացած մոտ 150 կիլոգրամ բերքն ու ասում՝ 10 հոգանոց ընտանիքն ինչպե՞ս է ապրելու:

Վայլա տատը 2 գլուխ անասուն է պահում: Դաշտից 40 տուկ խոտ է բերել, ասում է՝ գնել չի կարող, ուստի մորթին այլընտրանք չի մնում․ - «Էրգու պոչ ունիմ, խոտ չկա․ մե հեկտար ու կեսից քաղել եմ եմ 40 տուկ խոտ, բայց չեն կըրա առնի, 1400 դրամ է մեկ տուկ խոտը․․․ Կամ կմորթենք, կամ կծախենք»:

76-ամյա թոշակառուն դիմում է իշխանություններին․ - «Խնդրանքս գրե՝ որ իմ ավանդս տան, էլ հնար չունինք ապրելու: Ես օգնություն չեմ սպասում, ակնկալիք չունեմ պետությունից: Մինակ, եթե չեն էլ կըրա տա, օդը փակեն՝ մեռնինք-պրծնինք»:

Երազգավորս գյուղում 740 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա: Համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանի հաշվարկով, անասնակերի պակասի պատճառով 100-150 գլուխ անասուն հարկադիր մորթի կենթարկվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG