Միացյալ Նահանգները չի պահանջում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անհապաղ հրաժարականը որպես այդ երկրում վեց տարի շարունակվող պատերազմի քաղաքական կարգավորման մաս: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Թոմ Բոսերթը:
«Ես չեմ կարծում, թե մեզ համար կարևոր է ասել, որ նախ Ասադը պետք է հեռանա», - նշել է Թրամփի խորհրդականը Կոլորադո նահանգի Ասփեն քաղաքում տեղի ունեցած անվտանգության հարցերով ֆորումի ժամանակ: «Միացյալ Նահանգները, ամեն դեպքում, ինչ-որ պահի կցանկանար տեսնել Ասադի հրաժարականը՝ դա մեզ համար ցանկալի արդյունք կլիներ», - հավելել է Բոսերթը:
Սիրիական հարցում Սպիտակ տան դիրքորոշումը նշանակալիորեն փոխվել է Թրամփի նախագահության օրոք: Նախորդ նախագահ Բարաք Օբաման պնդում էր, որ Սիրիայում ցանկացած քաղաքական կարգավորման հիմքում պետք է լինի Ասադի հրաժարականը:
Արևմտյան մի շարք պետություններ ևս մեղմել են իրենց վերաբերմունքը սիրիական ռեժիմի հանդեպ: Մասնավորապես Ֆրանսիան՝ վերջերս ընտրված նախագահ Էմանյուել Մակրոնի գլխավորությամբ, կարծում է, որ Ասադի գործունեության դադարեցումը Սիրիայում խաղաղության հասնելու նախապայմանը չէ: