Մատչելիության հղումներ

Պաշտոնանկություններ Վրաստանում՝ ադրբեջանցի լրագրողի առևանգման կապակցությամբ


Ադրբեջան - Լրագրող Աֆղան Մուխթարլիին բերում են Բաքվի դատարան, 16-ը հունիսի, 2017թ․
Ադրբեջան - Լրագրող Աֆղան Մուխթարլիին բերում են Բաքվի դատարան, 16-ը հունիսի, 2017թ․

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի գործով Վրաստանում պաշտոնանկություններ են տեղի ունեցել:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` երկրի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Թբիլիսիում անհետացած, ապա ադրբեջանցի իրավապահներին փոխանցված Մուխթարլիի գործով պայմանավորված՝ պաշտոններից ազատվել են ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության պետը և Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության ղեկավարը։

Մգեբրիշվիլին ընդգծել է, որ պաշտոնանկությունների նպատակը «գործի հետ կապված բոլոր հարցերը վերացնելն է»: «Մենք՝ գերատեսչության ղեկավարներս, համոզված ենք, որ մեր աշխատակիցներն անմեղ են, սակայն քննությունն իրավունք չունի բացառելու որևէ վարկած», - հայտարարել է վրաց պաշտոնյան:

Հիշեցնենք՝ 2015 թվականից Վրաստանում ապաստանած Մուխթարլին, ով հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի հասցեին քննադատական, ինչպես նաև իշխող ընտանիքին պատկանող բիզնեսների մասին հետաքննական հոդվածներով, Թբիլիսիում առևանգվել է մայիսի 29-ին: Ավելի ուշ պարզվեց, որ նա ձերբակալվել է և գտնվում է Բաքվի բանտում՝ սահմանը ապօրինի խախտելու, մաքսանենգության, ոստիկանին չենթարկվելու մեղադրանքներով: Լրագրողի հարազատներն ու պաշտպանական կողմը տեղի ունեցածում մեղադրում են պաշտոնական Թբիլիսիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG