Մատչելիության հղումներ

Վրաց-ռուսական առևտրային կապերն աճում են՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը


Վրացական «Բորժոմի» հանքային ջրեր, արխիվ
Վրացական «Բորժոմի» հանքային ջրեր, արխիվ

Չնայած Վրաստանի և Ռուսաստանի միջև 2008 թվականի կարճատև պատերազմի արդյունքում խզված դիվանագիտական հարաբերությունները վերականգնված չեն, երկու երկրների առևտրային կապերը վերջին տարիներին աճում են:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին վեց ամիսներին Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գրեթե 33 տոկոսով աճել է՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017-ի առաջին կիսամյակում երկու երկրների միջև ավելի քան 518 միլիոն դոլարի ապրանքաշրջանառություն է կատարվել: Վրաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է մոտավորապես 184 միլիոն դոլար, իսկ Ռուսաստանից Վրաստան ներկրումը՝ 334 միլիոն դոլար:

Վրաստանից Ռուսաստան արտահանումը կրկնապատկվել է, աճը հիմնականում ապահովել է հանքարդյունաբերական ապրանքների արտահանումը, 60 հազար տոննա երկաթի հումք է արտահանվել, աճը քառակի մեծացել է, արտահանվել է 19 միլիոն լիտր գինի՝ գինու առաքումը Ռուսաստան գրեթե կրկնապատկվել է, արտահանվել է 44 միլիոն լիտր հանքային ջուր:

Ռուսաստանից Վրաստան ներկրվել է հիմնականում հացահատիկ, նավթ և նավթամթերք, բնական գազ, որոնց ծավալները ևս աճել են:

Ռուսաստանը դարձել է Վրաստանի առևտրային կարևոր գործընկերներից մեկը: Հիմա Վրաստանի արտաքին առևտրի ավելի քան 10 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, որից առաջ միայն Թուրքիան է՝ 15 տոկոս, իսկ արտահանման գծով Ռուսաստանը դարձել է Վրաստանի թիվ մեկ գործընկերը:

Վրաստանի արտաքին առևտրի առաջին տասնյակի երկրների մեջ մտնում են նաև Չինաստանը՝ ամբողջ արտաքին առևտրի 8․5 տոկոսը, Ադրբեջանը՝ 7․6 տոկոս, Գերմանիան՝ 4․8 տոկոս, Ուկրաինան՝ 4․7 տոկոս, յոթերորդը Հայաստանն է՝ 4․6 տոկոս:

Իսկ ընդհանուր, Վրաստանի ամբողջ արտաքին առևտրի թվերով, 2017-ի հունվար-հունիս ամիսներին երկրի արտաքին առևտուրը աճել է 13․5 տոկոսով՝ հասնելով 4 միլիարդ 822 միլիոն դոլարի, որից արտահանումը կազմել է 1 միլիարդ 234 միլիոն դոլար, աճը տպավորիչ է՝ 30 տոկոս, ներկրումը՝ 3 միլիարդ 588 միլիոն դոլար, աճը՝ ավելի քան 8 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG