Ռուսաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել ցմահ դատապարտված Բաշկիրայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևին։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի Հելսինկյան խմբի նախագահ Լյուդմիլա Ալեքսեևան։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ՝ հուլիսի 20-ին այցելել էր Ալեքսեևային և շնորհավորել վերջինիս 90-ամյա հոբելյանի կապակցությամբ։
«Ես նախագահին ասել եմ՝ «սա նվեր չէ, սա խնդրանք է՝ բարի գործ արեք՝ ներում շնորհեք Իզմեստևին», - ասել է իրավապաշտպանը։
Բաշկիրայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2010 թվականին։ Նրան մեղավոր են ճանաչել սպանության կազմակերպման, հարկերից խուսափելու և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակցին կաշառք տալու մեջ։
Հիշեցնենք, որ հենց Իզմեստևի ցուցումների վրա է կառուցված հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի դեմ մեղադրանքը։ Մեղադրող կողմի պնդմամբ, գործարարը մոլորեցրել է Իզմեստևի մորը՝ խոստանալով մեծ գումարի դիմաց հասնել նրա որդու նկատմամբ ավելի մեղմ պատժի, իսկ իրականում այդ գործի վրա ազդելու միջոցներ չի ունեցել։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայի քաղաքային դատարանն անցած տարի հունիսի 28-ին օրինական է համարել դատավորի դատավճիռը, որով Հայրապետյանը մեղավոր էր ճանաչվել 700 հազար դոլար յուրացնելու մեջ և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։
Լևոն Հայրապետյանը դեռևս մեկ տարի պետք է մնա կալանավայրում։ Նա, չնայած տարիքին և առողջական բազմաթիվ խնդիրներին, ընդհանուր խցում է, որտեղ ևս 12 մարդ կա, «Ազատության»-ը ասել է բարերարի դուստր Անժելիկա Հայրապետյանը՝ հավելելով. - «Որևէ լավ բան չկա, նա նախկինի պես կալանավայրում է, իրեն վատ է զգում և որևէ նոր զարգացումներ գործով չկան։ Լևոն Հայրապետյանին կարծես թե բոլորը մոռացել են, միայն հարազատներն են հիշում»։
Ավելի վաղ «Ազատության»-ը տված հարցազրույցում Լևոն Հայրապետյանն ասել էր, թե կուզենար վերադառնալ Ղարաբաղ։