Մատչելիության հղումներ

«Հաց բերողն» իր ցուցմունքներում չի ընդունել, թե ՊՊԾ գնդում «ժուչոկներ» է հայտնաբերել ու ոչնչացրել․ Փաստաբան


Արթուր Սարգսյան, արխիվ

«Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի փաստաբանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում Սարգսյանի մասով նախաքննությունը շարունակվում է նույնիսկ նրա մահից հետո:

«Կարծում եմ, որ իշխանությունը չի հրաժարվում Արթուր Սարգսյանի գործն այնպես քննելուց, որ ինչ-որ կերպ նրա մեղավորության պատրանքը ստեղծի: Սարգսյանի հանրային հեղինակությունն այնքան մեծ էր, որ անգամ նրա մահից հետո իշխանությունը չափազանց մտահոգված ու վախեցած է նրա համբավով»,- «Ազատությանն» ասաց Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նրա խոսքով, նաև դրանով են պայմանավորված մամուլում Սարգսյանին առնչվող որոշակի տեղեկատվական արտահոսքերը: Կայքերից մեկն օրերս Արթուր Սարգսյանի դեմ տրված ցուցմունքներից հատվածներ էր հրապարակել: Դրանցում, մասնավորապես, նշված է, թե ««Հաց բերողը» հայտնաբերել ու ոչնչացրել է գնդի տարածք ուղարկված սննդի և դեղորայքի պայուսակներում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից թաքցված տեսաձայնագրող հատուկ միջոցները՝ այսպես կոչված ժուչոկները, այդպիսով խափանելով զինված խմբի հանցավոր գործողությունները կանխելուն ուղղված իրավապահ մարմինների գործողությունները»:

Փաստաբան Տիգրան Եգորյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Արթուր Սարգսյանը հերքել է հիշյալ ցուցմունքներում առկա այդ պնդումները: Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ։ ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին նա իր ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշն ու սնունդ տարել զինված խմբի անդամներին։

XS
SM
MD
LG