Այսօր տասնյակ լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ, ընկերներ և գործընկերներ իշխանություններից պահաջել են բացահայտել սպանության պատվիրատուներին ու կատարողներին և ակտիվացնել գործի քննությունը, որը մինչ ասօր որևէ արդյունք չի արձանագրել:
Մոտ 200 մարդ վառվող մոմերով երթ են կազմակերպել, Շերեմետի սպանության վայրից (որտեղ նաև ժամանակավոր հուշարձան է տեղադրվել) քայլելով դեպի Ուկրաինայի նախագահի նստավայր ու կառավարական այլ հաստատություններ՝ ներկայացնելու իրենց պահանջները: Յուրաքանչյուր հաստատության մոտենալիս ցուցարարները պահանջել են, որ իշխանությունները «կատարեն սեփական պարտավորությունները», պատշաճ կերպով հետաքննություն իրականացնեն ու հրապարակեն լրագրողի սպանությանն առնչվող ողջ տեղեկատվությունը: Ակցիայի ընթացքում ցուցարարները նաև հարցական նշանների պատկերներով պաստառներ են կրել:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Արտյոմ Շևչենկոն երթի մասնակիցներին ասել է, թե քննիչները չեն թույլատրում գործի մասին նոր տեղեկությունների հրապարակումը: «Այն ամենը, ինչը չի վնասի հետաքննությանը, ազգային ոստիկանությունն արդեն հայտնել է փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ»,- ասել է ՆԳՆ խոսնակը, նշելով որ Շերեմետի սպանության գործում դեռևս չկան «տեսանելի կասկածյալներ»: Նա լրագրողներին կոչ է արել իրենց տրամադրության տակ եղած ցանկացած նոր տեղեկություն տրամադրել իշխանություններին: Ներքին գործերի մամուլի խոսնակն ասել է նաև, թե ընդունում են, որ հետաքննության ընթացքում կարող էին որոշ սխալներ թույլ տրվել, «բայց դրանք ուղղվել են»:
Մեկ տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 20-ի առավոտյան Պավել Շերեմետը դուրս գալով տնից, նստել էր իր ավտոմեքենան՝ ռադիոյի շենք գնալու համար, որտեղ նա առավոտյան ծրագիր էր վարում: Ժամը 7:45- ին մեքենայի տակ տեղադրված ռումբը պայթել է՝ սպանելով 44-ամյա լրագրողին: Շերեմետը ծնվել է Բելառուսում, Ռուսաստանի քաղաքացի էր, վերջին տարիներին բնակվում էր Ուկրաինայում: Նա «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպության մրցանակի դափնեկիր էր:
Ուկրաինայի իշխանություններն անմիջապես արձագանքել էին լրագրողի սպանությանը, խոստանալով բացահայտել մեղավորներին: «Սա պատվի հարց է՝ բոլոր միջոցներն օգտագործելով որքան հնարավոր է արագ բացահայտել այդ հանցագործությունը»,- մեկ տարի առաջ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Սակայն, ինչպես արդեն նշեցինք՝ հետաքննությունը մինչ այսօր որևէ արդյունքի չի հասել:
Շերեմետի գործընկերներն ու հարազատները ուկրաինացի պաշտոնյաներին մեդադրում են ոչ կոմպետենտ լինելու, անփութության, նաև հետաքննությունը «դիտավորյալ ձգձգելու» մեջ: Human Rights Watch կազմակերպության ուկրաինացի իրավապաշտպան Տանյա Քոփերը «Թվիթերում» գրել է. «Մեկ տարի առաջ մեքենայի պայթեցման միջոցով Կիևում սպանվեց Պավել Շերեմետը, մինչև հիմա մենք չգիտենք, թե ով արեց դա»: «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» անցած շաբաթ զեկույց է հրապարակել, որում քննադատել է Ուկրաինայի իշխանություններին «անարդյունավետ հետաքննության» համար:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» ներկայացուցիչների և Պավել Շերեմետի ընտանիքի անդամների հետ անցած շաբաթ ունեցած հանդիպմանն ասել է, թե դժգոհ է հետաքննությունից և առաջարկել է գործում ներգրավել միջազգային ճանաչում ունեցող հետաքննիչների: Նախագահը հույս է հայտնել, թե այդպիսով «քննությունը կակտիվանա»:
Պավել Շերեմետի սպանության վայրում այսօր ծաղիկներ է դրել Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը: «Ազատության» թղթակիցի հարցին՝ Պորոշենկոն օժանդակության խնդրանքով դիմե՞լ է արդյոք ԱՄՆ-ի իրավապահներին, դեսպանը պատասխանել է, թե նման տեղեկություն չունի:
«Լրագրողների պաշպանության կոմիտեն» փաստում է, որ Ուկրաինայում լրագրողների սպանություններին վերաբերող գործերի բացահայտումների առումով առկա է բավական վատ պատկեր․ 1992-ից ի վեր Ուկրաինայում 7 լրագրող է սպանվել, որոնցից հինգի պարագայում բացահայտում չի եղել․ մեղավորներ և դատապարտվածներ չկան: