Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ընդունել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պիեռ դը Վիլիենի հրաժարականը և այդ պաշտոնում նշանակել գեներալ Ֆրանսուա Լեկոնտերին:
Գլխավոր շտաբի արդեն նախկին պետի հրաժարականի պատճառը տարաձայնություններն էին երկրի նախագահի հետ ռազմական ծախսերի կրճատման հարցում: Պիեռ դը Վիլիենին դեմ էր կրճատումներին՝ հայտարարելով, թե այդ դեպքում չի կարող երաշխավորել բանակի այն մոդելի կենսունակությունը, որն անհրաժեշտ է Ֆրանսիայի անվտանգությունն ապահովելու համար:
Էմանյուել Մակրոնը Ֆրանսիայի ազգային տոնի առիթով ելույթ ունենալով զինվորականների առջև, քննադատել էր նրան, ասելով՝ եթե գլխավոր շտաբի պետը համաձայն չէ գերագույն գլխավոր հրամանատարի որոշումներին, ուրեմն պետք է հրաժարական տա:
Այսօր նախագահ Մակրոնը գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել գեներալ Ֆրանսու Լեկոնտերին: Նա 1990-ականների Բալկանյան պատերազմի ժամանակ ծառայել է Սարաևոյում, ինչպես նաև գլխավորել է ֆրանսիական առաքելությունը Մալիում: