Մատչելիության հղումներ

Թբիլիսիում այսօր հակաազգայնական ակցիա է նախատեսվում


Վրաստան - «Վրացիների քայլերթը» Թբիլիսիում, 14-ը հուլիսի, 2017թ․

«Մաքրե՛նք Մարջանիշվիլիի հրապարակը»․ - այս կարգախոսի ներքո այսօր երեկոյան Թբիլիսիի կենտրոնում կհավաքվեն տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ` բողոքելով հուլիսի 14-ին նույն վայրում կազմակերպված ազգայնական բողոքի ակցիայի` այսպես կոչված «Վրացիների քայլերթի» դեմ:

Այսօրվա ակցիայի նախաձեռնողը քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Աբզիանիձեն է, որը, բացատրելով ազգայնականների դեմ ուղղված ցույցի անհրաժեշտությունը, լրագրողների հետ զրույցում նշում էր․ - «Հայտնի է, որ մեր քաղաքն աղտոտող մակաբույծների պակաս այսօր չի զգացվում: Անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ ինչ-որ բան կփոխվի միայն այն ժամանակ, երբ մենք ինքներս նախաձեռնությունը վերցնենք մեր ձեռքը: Կոչ եմ անում միանալ մեր նախաձեռնությանը, ցույցի կարող եք գալ ջրի շշերով, լվացքի փոշիով կամ նույնիսկ փոքրիկ բահերով»:

Ակնհայտ է, որ Թբիլիսիի կենտրոնում ուրբաթ օրը կայացած ազգայնական քայլերթն ազատական հայացքներ դավանող վրացիների շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել: «Վրացիների քայլերթի» մասնակիցները, հիշեցնենք, պահանջում էին ներգաղթի մասին նոր օրենք ընդունել` սահմանափակելով ներգաղթյալների մուտքը Վրաստան և արտաքսելով անօրինական ներգաղթյալներին: Վրացական մամուլի գնահատմամբ՝ բողոքի ակցիաների գլխավոր թիրախը Վրաստանում բնակվող Թուրքիայի և արաբական մի շարք պետությունների քաղաքացիներն էին: Վրաց ազգայնականների պնդմամբ՝ նրանցից շատերը հանցավոր խմբավորումների անդամներ են:

«Մենք կառավարությանը մեկ շաբաթ ենք տալիս, որպեսզի այն հստակորեն պատասխանի մեր խնդրագրին: Եվս մեկ ամիս էլ կառավարությանը տրվում է մեր պահանջները կյանքի կոչելու համար: Եթե դա տեղի չունենա, մենք ձեռնամուխ կլինենք պայքարի արմատական մեթոդներին», - հայտարարում էր «Վրացիների քայլերթի» գլխավոր կազմակերպիչներից մեկը` Թբիլիսիում որպես թամադա և դերասան հայտնի Գիորգի Կորկոտաշվիլին:

Նա, ի դեպ, Վրաստանի սահմաններից դուրս հայտնի դարձավ մի քանի տարի առաջ, երբ համացանցում հայտնվեց խորհրդային ժամանակաշրջանի մանկական երգերից մեկի «վրացականացված» տարբերակը` Կորկոտաշվիլիի կատարմամբ:

Վրացական ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ ուրախանալու որևէ առիթ չեն տեսնում: «Վրացական քայլերթից» հետո ազգայնական տրամադրությունները հանրության շրջանում զգալի աճ են արձանագրել, սոցիալական ցանցերում ազգայնականները մի քանի օր է արդեն ինչ անթաքույց սպառնալիքներ են հնչեցնում ընդդիմախոսների հասցեին: Այդ իսկ պատճառով էլ հակաազգայնական բողոքի գործողություններին առաջիկայում կմիանան նաև ազդեցիկ քաղաքական կուսակցությունները: Երկուշաբթի օրն այս մասին հայտարարեց «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար անդամներից մեկը` Էլենե Խոշտարիան, պնդելով նաև, թե ազգայնականների գործողությունների թիկունքում ռուսական ազդեցություն է նշմարվում:

«Մենք կխորհրդակցենք հանրության տարբեր խմբերի հետ և կիրակի օրը Մարջանիշվիլիի հրապարակում բողոքի ակցիա կկազմակերպենք: «Վրացիների քայլերթը» խիստ մտահոգիչ իրադարձություն էր մեր ողջ երկրի համար: Այն վկայեց, թե ինչ ծավալների է հասել ռուսական քարոզչությունը Վրաստանի տարածքում», - նշում էր Խոշտարիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG