Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳ և պաշտպանության նախարարներն ընդունել են դեսպան Անջեյ Կասպշիկին


Անջեյ Կասպշիկ և Կարեն Միրզոյան, արխիվ
Անջեյ Կասպշիկ և Կարեն Միրզոյան, արխիվ

Այսօր Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ընդունել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրականացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներին։

«Այս համատեքստում Կարեն Միրզոյանն ընդգծել է շփման գծում կայունության ապահովման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկման, մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործման անհրաժեշտությունը»,- նշված է ԼՂ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ԼՂ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Լևոն Մնացականյանի և Անջեյ Կասպշիկի հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակը, սահմանում ամսվա սկզբին տեղ գտած լարված իրադրությունն ու այն թուլացնելու հնարավոր միջոցները:

Վերջին շրջանում, հատկապես հուլիսի սկզբին շփման գծում լարվածության սաստկացումից հետո, միջնորդները փորձում են առավել ակտիվացնել առնվազն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպումները: Նալբանդյան- Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 11-ին Բրյուսելում: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Կրեմլը փորձում է առաջիկայում կազմակերպել նաև հանդիպում՝ կողմերի նախագահների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG