Մատչելիության հղումներ

Մշակույթի նախարարության հայտարարած քանդակի մեկամսյա սիմպոզիումի արդյունքում Դսեղում՝ մեր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում և հարակից հրապարակում ընդամենը 10 օրից ավարտին կհասցվեն այն 12 քանդակները, որոնք պատկերում են թումանյանական անմահ հերոսներին՝ Անուշին, Քաջ Նազարին, Շանն ու Կատվին և այլն, և այլն:

Այս ամենի նպատակը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, թանգարանի բակն ու շրջակա միջավայրը թումանյանական հերոսներով, թումանյանական շնչով է՛լ ավելի հագեցնելն է․ - «Ավելի գեղեցկացնելու համար այն մթնոլորտը, ինչ որ ունենք այստեղ»:

Ցանկացած այցելու հենց գյուղամիջյան հրապարակից մինչև տուն-թանգարան կարող էլ ծանոթանալ թումայանական հերոսներին․ հրապարակում կանգնեցվում են տուֆակերտ քանդակները, իսկ տուն-թանգարանի բակում՝ փայտյա քանդակները:

Ինչպես նշում է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, քանդակագործների այս սիմպոզիումը կազմակերպվել է Հովհաննես Թումանայանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ: Մեծ բանաստեղծի հոբելյանը կլրանա 2 տարի անց:

«Սիմպոզիոմի երիտասարդ ղեկավարները կարողացան այնպես առաջնորդել մեզ, որ հիմնական մասնակիցները դարձան երիտասարդները: Հետաքրքիր է նաև, որ էսքիզներով ընտրված աշխատանքները ախահովեցին մեզ համար շատ լավ աշխարհագրություն: Այսինքն, ներկայացված են Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ու շրջաններից, այդ թվում՝ Արցախից, երիտասարդ քանդակագործները: Նաև մենք երիտասարդների հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ հատված ծառերը, որոնք սնամեջ էին և կարող էին քամուց ծառը շրջել տանիքի վրա և վնասել, այդ հատված ծառերի բները մենք նույնպես երիտասարդների օգնությամբ կարողացանք վերածել թումանյանական հերոսների, ինչ ստեղծել է մի զարմանալի, հեքիաթային մթնոլորտ այստեղ»:

Երիտասարդ քանդակագործները հիմնականում Գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժնի ուսանողներ են: Նրանց հետ զրուցելիս անմիջապես զգացվում էր, թե իսկապես ինչ սիրով են ստեղծում թումանյանական հերոսների քանդակները:

«Արդեն ինքնին լինել Հովհաննես Թումանյանի տանը, մի բան անել տուն-թանգարանի բակում, դա արդեն մեծ պատիվ է ցանկացած հայի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց երիտասարդ քանդակագործներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG