Լոռու մարզի Աքորի գյուղի տեղական իշխանության մարմինները վերջին 15 տարիների ընթացքում երկու անգամ փոխվել են՝ մեծ պայքարի արդյունքում: Բացի վերջին համապետական ընտրություններից Աքորիում որպես կանոն ընդդիմությունը հաղթել կամ զգալի թվով ձայներ է հավաքել։
2015-ին Աքորիում մերժեցին նաև իշխանության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
«Աքորին ոչ թե հենց այնպես է ըմբոստանում, այլ միշտ նեղվում ա արդարության պակասից», - ասում է գյուղի դպրոցի երկարամյա տնօրեն Ասյա Թոմոյանն ու հավելում․ - «Աքորին սիրում ա արդարություն»:
Գյուղապետ Հրահատ Սիմոնյանը խուսափում է ընդդիմադիր կոչել Աքորին ու գյուղացիներին․ - «Ուղղակի իրանք մտածում են այնպես, ինչպես պետք է մտածեն»:
Աքորիում սրանից 15 տարի առաջ աղմկոտ պայքարի արդյունքում պաշտոնանկ արված գյուղապետի տեղակալ Սիրվարդ Ասլանյանին տեղի իշխանությունից հեռացնելու համար գյուղը երկու մասի էր բաժանվել ու պայքարի ելել։ Գործին անգամ ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունն էին խառնվել։
«Բոլորիս տանում էին Ազգային անվտանգություն, երեկոյան ժամին բաց թողնում։ Էդ գործողության անունը կոչվում է ճնշում», - պատմում է Ասլանյանը:
Գյուղապետի պաշտոնաթող տեղակալն ասում է՝ մինչև այսօր էլ քաղաքականացված գյուղում թշնամանք կա։ Անգամ պնդում է, թե հակառակ ճակատում հայտնվածները դեռ փորձում են իրենից վրեժ լուծել ու զրկել են տնամերձ հողից։
Գյուղապետը տեղյակ էր խնդրին, պատմեց, որ Սիրվարդն իր իշխանության տարիներին գյուղի բնակիչներից մեկի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել և օգտագործել նրան պատկանող հողատարածքը։ Տարիներ հետո արդեն այդ բնակիչն այն հետ ստանալու համար դիմել է դատարան։
«Դատավորը վճռելա, որ Սիրվարդին չի պատկանում էդ հողը», - նշեց Հրահատ Սիմոնյանը:
Անգամ Սիրվարդ Ասլանյանը, որ ժամանակին ոմանց աշխատանքից անհիմն ազատելու, բյուջեից գումարներ յուրացնելու, սխալ որոշումների տակ ստորագրելու համար ներգրավվել է քրեական գործերում, դատ ու դատաստանի առաջ կանգնել, ասում է, թե իր՝ աքորեցուն բնորոշ ըմբոստության ձեռքը կրակն է ընկել։ Մինչև այսօր էլ իշխող Հանրապետական կուսակցության անդամ է ու պնդում է՝ ըմբոստ մարդկանց վերևներում չեն սիրում․ - «Ես միշտ ըմբոստ եմ եղել, ծրագիր են բերել, ասել են էս ծրագիրը 10 հազար դոլարանոց ծրագիր ա։ Ասել եմ՝ էս ծրագրի 10 դոլարը պետք է նպատակին ծառայեցվի՞։ Ասել են՝ չէ։ Էսքանը՝ նրան, էսքանը՝ նրան, էսքանն էլ՝ էս գործին։ Ասել եմ՝ դե վեր, գնա։ Էլ ոչ մի ծրագիր»:
Պաշտոնական տվյալներով վերջին 7 տարիներին մոտ 300 մարդ հեռացել է գյուղից: Արտագաղթի մեծ ծավալներ ունեցող Աքորիում դժվարանում են ասել, թե իրենց պայքարի արդյունքում ինչ է փոխվել գյուղում ու արդյոք, տեղի իշխանություններն այսօր զերծ են կամայականություններից ու կոռուպցիայից: Բայց վստահ են՝ անարդարության դեմ պայքարելն իրենց մոտ բնատուր է։
«Գյուղը պայքարում ա ամեն ինչի դեմ, բայց էլի էն աղքատ գեղն ա», - ասում էր բնակիչներից մեկը: